ԵՄ-ի հետ համաձայնագրի  ստորագրումից հետո Հայաստանը ԵԽԽՎ-ում շահեկան վիճակում է հայտնվել

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը ԵԽԽՎ-ում շահեկան վիճակում է հայտնվել

Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն առաջին անգամ է մասնակցում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն այդ համաձայնագրի ստորագրումից հետո շահեկան վիճակում է հայտնվել, նշեց. «Բնականաբար, դա կարևոր նշանակություն ունի առհասարակ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, և այդ պատճառով էլ ես անդրադարձա դրան որպես ձեռքբերում»: Իր ելույթում Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով համաձայնագրին, նշել է, որ Եվրոպական միության հետ մեր համագործակցության հետագա ընդլայնման համար նոր հնարավորություններ են ստեղծվում. «Փաստաթղթի հիմքում ընկած է եվրոպական արժեքների ընդհանուր բազան` կայուն հավատարմությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ: Այն կխորացնի մեր համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, ներդրումների ոլորտներում՝ ընդլայնելով մեր հասարակությունների մերձեցումը»: Արփինե Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխություն է տեղի ունեցել: Նրա խոսքերով՝ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցով համազեկուցողի փոփոխության հարց, որովհետև Ալան Միլը՝ Սոցիալիստների խմբից Հայաստանի հարցով համազեկուցողը, այլևս վեհաժողովի կազմում չէ, քանի որ անգլիական խորհրդարանում դադարել են նրա լիազորությունները: Ի դեպ, Սոցիալիստների խմբի անունից Հայաստանի հարցով համազեկուցող է նշանակվել Ուկրաինան ներկայացնող Յուլիա Լովոչկինան: Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել հանձնաժողովի նախագահի ընտրություն: «Երեկ կայացած քվեարկության արդյունքում առաջադրվել էր հունգարացի պատվիրակի թեկնածությունը, սակայն այսօր Նորվեգիայի պատվիրակության ղեկավարի կողմից հանձնաժողովի նիստում առաջադրվեց երեկ ԵԺԿ խմբի նախագահի թեկնածու համարվող և 47, այսինքն՝ հավասար քվե ստացած Ռիե Օմենռուտենի թեկնածությունը: Գաղտնի քվեարկության արդյունքում հունգարացի պատվիրակը ստացել է 22, իսկ Օմենռուտենը՝ 30 ձայն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ վաղը ԵԽԽՎ-ում ելույթ է ունենալու Սերժ Սարգսյանը, ինչպես նաև պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի և այլ պաշտոնյաների հետ: