Սերգեյ Կյուրեղյանը բոյկոտեց դատական նիստը. նրա նկատմամբ սանկցիա կիրառվեց

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր լրացավ ամբաստանյալներից «Դեդ»-ի՝ Մարտիրոս Հակոբյանի սանկցիայի ժամկետը, և նա բերվեց նիստերի դահլիճ: Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը նշեց, որ շարունակելու է բոյկոտն ու առանց դատավորի թույլտվության դահլիճից դուրս գնալու համար արժանացավ սանկցիայի՝ նիստերից հինգ ժամով հեռացման տեսքով: Ամբաստանյալները դատավորին տեղեկացրին, որ իրենց պայմանագրային պաշտպաններից չեն հրաժարվում: