Ադրբեջանը կարող է ցուցադրել իր ռազմական կարողությունը․ ինչու է լռում պաշտոնական Երևանը

Ադրբեջան-Բելառուս հարաբերությունները ամրապնդվում են 2002 թվականից: Անցած տասը տարիների ընթացքում Ադրբեջանը Բելառուսից կես միլիարդ դոլարի զենք է գնել: Այս տվյալներն այսօր հրապարակեց Միջազգային և ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը`«Անվտանգային դինամիկան Հայաստանի հարևանությամբ» թեմայով քննարկման ժամանակ: Փորձագետին զարմացնում է, որ հայկական լրատվամիջոցները միայն 2017-ի վերջերին անդրադարձան այս խնդրին, արձանագրելով, որ Ադրբեջանը 170 միլիոն դոլար է փոխանցել բելառուսական «Պոլոնեզին»: Հայկական մամուլում այս առիթով քննարկման բացակայությունը փորձագետին մտահոգում է, քանի որ, իր կարծիքով, խոսքը շատ լուրջ ռազմական տեխնիկայի մասին է, որը, ըստ էության հանդիսանում է Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերների» պատասխան: