Մինչև Մարտի 1-ը չբացահայտվի՝ առաջ չենք կարող գնալ. ՀԱԿ-ը՝ նորից Ազատության հրապարակում

Մինչև Մարտի 1-ը չբացահայտվի՝ առաջ չենք կարող գնալ. ՀԱԿ-ը՝ նորից Ազատության հրապարակում

Հունվարի 20-ին տեղի է ունեցել ՀԱԿ վարչության նիստ։ Օրակարգում երկու հարց կար՝ 2018թ․ փետրվարի 20-ին Ազատության հրապարակում կազմակերպել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարք, այդ թվում՝ շարժման մասնակիցների ելույթներ, ֆոտոցուցահանդես, կինոֆիլմերի դիտում, շարժման պատմությանը նվիրված գրքի ներկայացում։ Երկրորդ հարցը՝ Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցն է։ Ըստ այդմ՝ որոշվել է Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ համատեղ, Մարտի 1-ին Ազատության հրապարակից կազմակերպել Մարտի 1-ի տաս զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ։ ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեն իրենց անելիքները. «Վարչության նիստում քննարկել ենք մարտի մեկին բողոքի երթ անցկացնելու, զոհերի հիշատակը հարգելու հարցը, ինչպես նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների հարցը։ Ընդամենը այդ երկու հարցն է քննարկվել»։ Հետաքրքրվեցինք՝ Մարտի 1-ի 10-ամյակին նվիրված հնարավո՞ր է ավելի կտրուկ քայլեր ու պահանջներ ներկայացվեն բացահայտման ուղղությամբ։ «Բացահայտման ուղղությամբ իշխանությունը պետք է քայլեր անի, ոչ թե մենք։ Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ հանցագործության հեղինակները։ Իրենք դա բացահայտելու փոխարեն մեզ բանտ են նետել 3 տարով։ Մենք ի՞նչ կարող ենք անել, իրենք պետք է քաղաքական կամք ունենան ու բացահայտեն այդ ոճրագործությունը։ Քանի պետությունը այդ հարցերը չի բարձրաձայնել ու չի բացահայտել այդ էջը՝ մենք առաջ գնալ չենք կարող, այսպես միայն դեպի անդունդը կգլորվենք»,- ասաց մեր զրուցակիցը։ Արդյո՞ք ապրիլին սպասվող իրադարձությունները, խորհրդարանական կառավարման համակարգին լիարժեք անցումն ու դրանից բխող զարգացումները կլինեն ՀԱԿ-ի համար օրակարգային, հարցին ի պատասխան Արամ Բարեղամյանն ասաց. «Մեր օրակարգում հիմա նման հարց չկա։ Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել՝ ապրիլյան ընտրությունների ժամանակ մենք հստակ հայտարարել ենք, թե որն է մեր օրակարգը։ Կեղծիքներով անցկացրել են այդ ընտրությունները։ Մենք մեր խոսքն ասել են՝ քանի խաղաղություն չի եղել՝ մնացածը երկրորդական է։ Մենք ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին։ Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»։ «Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպասվում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ։ Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք։ Հիմա սպասում ենք, թե ինչ է անելու իշխանությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել՝ հենց նախաձեռնենք, տեղյակ կպահենք»,- եզրափակեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարը։ Լուսանկարը՝ PanPhoto-ի