Աղբամանից «Ելք»-ի գտած թղթերը որպես ենթադրություններ են գնահատվել․ դատախազ

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ սկսվեց «Ելք» դաշինքի (բողոքաբեր կողմ՝ Նիկոլ Փաշինյան)՝ «Զիբիլիքսի գործի» վարույթը կարճելու դեմ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ 2017. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքն ահազանգ էր ստացել, որ Տարոն Մարգարյանի՝ Կոմիտասում գտնվող նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելուն միտված գործողություններ են նախապատրաստվում: Դատախազը նշեց, որ նախաքննական մարմինը պատշաճ ջանասիրություն է ցուցաբերել, հարցաքննել տասնյակ վկաների, որոնք հերքել են ՀՀԿ-ի կողմից կաշառք տալու մասին տեղեկություններն ու հնարավոր հանգամանքները: «Բանկի տեսախցիկների տեսանյութերի առնչությամբ էլ հայտնեմ, որ քննիչը կատարել է առգրավում, բայց տեսանյութերը պահպանված չեն եղել: Այս քրեական գործով բազմածավալ գործողություններ են կատարվել, բայց ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ կաշառք տալու կամ ստանալու վերաբերյալ: Իսկ այդ գտնված թղթերում առկա տեղեկությունները գնահատվել են որպես ենթադրություններ»,-նշեց Հայկ Պետրոսյանը: Քանի որ քննիչն այս նիստին ներկա չէր, դատարանն աշխատանքը կշարունակի փետրվարի 15-ին, 10:00-ին: