88-ի շարժում-30. ո՞ւր են կոմիտեի տղաները

88-ի շարժում-30. ո՞ւր են կոմիտեի տղաները

«Ղարաբաղ» կոմիտեն` որպես քաղաքական միասնական թիմ, դադարեց գոյություն ունենալ արդեն 1991-ի գարնանը, իսկ սեպտեմբերին, երբ Վազգեն Մանուկյանը հեռացավ վարչապետի պաշտոնից, ՀՀՇ-ն առաջին անգամ պառակտվեց` ծնունդ տալով ԱԺՄ-ին: «Ղարաբաղ» կոմիտեի երեք անդամները` Համբարձում Գալստյանը, Ռաֆայել Ղազարյանը և Սամվել Գևորգյանը, հրաժեշտ են տվել երկրային կյանքին: Վանո Սիրադեղյանը տարագրության մեջ է և չնայած խոսակցություններին` կարծես թե, Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում այդպես էլ չի լուծվելու նրան հայրենիք վերադարձնելու հարցը: 2008-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն, նրա թիմում էին Բաբկեն Արարքցյանը, Սամսոն Ղազարյանը, Ալեքսան Հակոբյանը, բայց նրանցից որևէ մեկն այլևս հարթակում չէր: Առաջին նախագահն որոշել էր` շեշտը դնել նոր ուժերի, երիտասարդ կադրերի վրա: Այսօր Տեր-Պետրոսյանը շարունակում է անվանապես ղեկավարել ՀԱԿ-ը, սակայն բոլորը կանխատեսում են, որ նա շուտով մեկընդմիշտ կեռանա ակտիվ քաղաքականությունից: Բաբկեն Արարքցյանը գործնականում քաղաքականության մեջ չէ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Ալեքսան Հակոբյանը զբաղված է գիտական գործունեությամբ, Սամսոն Ղազարյանը օրվա հացը վաստակում է տաքսու ղեկին: Աշոտ Մանուչարյանը 1994-ից հեռացել է իշխանությունից, նույնիսկ մասնակցել է 1996-ի նախագահական ընտրություններին, սակայն մեծ հաջողությունների չի հասել: Անցած տարիներին Մանուչարյանն ուղղակի կամ անուղղակի ներգրավված է եղել ընդդիմադիր տարբեր ձևաչփերում, հիմա էլ հանդես է գալիս հարցազրույցներով ու հոդվածներով: Սակայն դժվար է Մանուչարյանին կոնկրետ քաղաքական թիմի հետ նույնացնելը. նա ավելի շատ ընկալվում է որպես փորձագետ: Վազգեն Մանուկյանը` չնայած որոշ կանխատեսումներին, այդպես էլ երկրի նախագահ չդարձավ: Նույնիսկ` խորհրդարանական Հայաստանում: ԱԺՄ-ում նրա թիմակից Դավիթ Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյա` պետգույքի նախարար, դարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` ԱԺՄ-ն պառակտելու գնով: Նրա` որպես նախարար էպոտաժային էր, սակայն 2000-սկանների կեսերից, երբ հեռացավ կառավարությունից, մամուլն ու ժողովուրդը մոռացան նրա մասին: