Մի «ծեծի» լեգենդ. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

Մի «ծեծի» լեգենդ. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

Դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրումը որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու ոչ այնքան համակարգը թարմացնելու հույսեր է ծնել, որքան վերակենդանացրել է կենցաղային մակարդակի մի զրույց, ավելի ճիշտ` «լեգենդ», որը վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնից նրա հրաժարականին, որն իբրև թե հետևանք է եղել Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խիստ հակադրության: Որոշ «իրազեկվածներ» անգամ մանրամասներ են պատմում, թե ինչպես է Սպարապետը «ծեծել» Արմեն Սարգսյանին: Կասկածից վեր է, որ այս ասեկոսեները միտումնավոր են տարածվում` «մի գնդակով երկու նապաստակ խփելու» նպատակով: Վազգեն Սարգսյանի եղբայրները կտրականապես հերքում են, թե իրենց ավագ եղբայրը որևէ խնդիր է ունեցել Արմեն Սարգսյանի հետ` մատնանշելով նրանց նույնիսկ ջերմ հարաբերությունները: Չնայած այս պարզաբանումներին` սուտը ձնագնդու պես մեծանում է, որովհետև, ըստ ամենայնի, ոմանք նպատակային կերպով փորձում են պետության ձախորդ ընթացքը բարդել Վազգեն Սարգսյանի վրա, ով փաստորեն «մեղավոր» է դառնում, որ Արմեն Սարգսյանի նման «առաքյալին» թույլ չի տրվել Հայաստանը «փրկել» դեռ 22 տարի առաջ: Առնվազն բարոյական չէ, որ բոլոր ասպարեզներում ձախողված իշխանությունը խրախուսում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքական վերադարձը Հայաստան տեղի ունենա Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու ճանապարհով: Սա խոսում է իշխանության քաղաքական, բարոյական սնանկության մասին, մյուս կողմից` ակնհայտորեն հող է նախապատրաստվում, որ, ըստ անհրաժեշտության, պետական մակարդակով «բոբո» հայտարարվի Երկրապահի վերնախավը: Թե ինչու, մնում է ենթադրել: Ինչու է լռում 22 տարի առաջ «ծեծված» Արմեն Սարգսյանն, այնքան էլ պարզ չէ, որովհետև առաջինը նա պետք է շահագրգռված լիներ, որ իր քաղաքական վերադարձը չստվերվի իրականության հետ աղերս չունեցող տհաճ պատմությամբ: Հայաստանի նախագահի պաշտոնին չի կարող հավակնել մեկը, որի «արժանիքներից» մեկը համարվում է Ազգային հերոսի կողմից «ծեծվելը», եթե, իհարկե, Հայաստանում չի հաստատվել օտարի օկուպացիոն ռեժիմ: Մյուս կողմից` «ծեծված», «հալածված» Արմեն Սարգսյանի կերպարի տակ պատկերվում է կամազուրկ մի գործիչ, որի պաշտոնավարումը ավելի է արժեզրկելու նախագահի պաշտոնն, որն առանց այդ էլ կորցրել է իր իրավա-քաղաքական կարգավիճակը սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ոմանց պետք է, որ Արմեն Սարգսյանն իշխանության մեջ ի սկզբանե լինի «անգլիական թագուհի»` գեղեցիկ ժպիտ, որի միակ ֆունկցիան համակարգի այլանդակությունը քողարկելն է: Արմեն Սարգսյանը պարտավոր է մեկ անգամ և վերջնականապես վերջակետ դնել այս կեղծիքին, անդուր հորինվածքին` հանուն պետության վարկի, սեփական հեղինակության, Վազգեն Սարգսյանի հիշատակի: