Արմեն Սարգսյանը կարճ ժամանակ անց անգլիական ձևով կրկին կհեռանա․ Նարինե Դիլբարյան

«Արմեն  Սարգսյանի թեկնածության պարագայում վարչապետ-նախագահ առճակատում չի լինի, Արմեն Սարգսյանը կարճ ժամանակ անց անգլիական ձևով  կրկին կհեռանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ով Արմեն Սարգսյանի կարճ վարչապետության  ժամանակահատվածում ակտիվ լրագրողական գործունեություն է ծավալել։ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանը դիվանագիտական պատասխան է տվել՝ մտածելու համար ժամանակ խնդրելով, բայց հաշվի առնելով նախկինում նրա գործունեությունը՝ պարզապես պիտի հրաժարվեր։ «Նախագահի գնահատականը՝ անաչառությունը, Արմեն Սարգսյանի պարագայում չափազանց զգայական գնահատական է։ Քանի որ մամուլում եղել է նրա թեկնածության վերաբերյալ արտահոսքը, մի պահ մտածում էի, թե նա կհրաժարվի, որովհետև հայաստանյան քաղաքականության մեջ իր ունեցած դերակատարումը և դերակատարությունից բխող բոլոր հանգամանքները կարծես հուշում էին, որ նրա և՛ մեթոդները, և՛ մոտեցումները այնքան էլ գործունակ չէին։ Այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ նրա բուռն հակասությունները պատճառ դարձան, որ նա շատ արագ հեռացավ, և դա աստղի մի բռնկում էր մեր քաղաքական երկնակամարում»,- շեշտեց նա։ Նարինե  Դիլբարյանի խոսքով՝ որքան էլ հերքեն, Վազգեն Սարգսյանի հետ հակասություններ Արմեն Սարգսյանը ունեցել է։