«Փուլային լուծումը Արցախի բռնակցումը չէ». Ստեփանակերտից արձագանքում են Լավրովին, Երևանին և Բաքվին

«Փուլային լուծումը Արցախի բռնակցումը չէ». Ստեփանակերտից արձագանքում են Լավրովին, Երևանին և Բաքվին

Բաքուն ի սկզբանե հայտարարում է, թե իրենք ողջունում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որպեսզի չխորանա կարգավորման դետալների մեջ, քանի որ Լավրովն իր խոսքում նշել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցի մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը այսպես մեկնաբանեց Բաքվի արձագանքը ՌԴ ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությանը: Խոսքը ՌԴ արտգործնախարարի՝ հունվարի 15-ին կայացած ամենամյա ամփոփիչ ասուլիսի մասին է, որի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը խոսել է նաև Ղարաբաղյան հիմնահարցի մասին՝ ասելով, թե այս խնդիրը հնարավոր չէ մեկընդմիշտ լուծել մեկ փաստաթղթով: Լավրովի կարծիքով՝ հարկավոր է «փուլային մոտեցում, որը կարտացոլի այն պայմանավորվածությունը, թե ինչ է հնարավոր անել այսօր, և կորոշի աշխատանքի ուղիները այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են հավելյալ քննարկումներ՝ հասնելու վերջնական կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»: Հենց «փուլային» բառը Լավրովի խոսքում հասկանալիորեն և կանխատեսելիորեն զգալի աշխուժություն առաջացրեց թե՛ հայկական, թե՛ ռուսական և թե՛ ադրբեջանական մամուլում՝ տեղիք տալով տարբեր մեկնաբանությունների: Արձագանքելով Լավրովի այս խոսքերին՝ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշեց, որ «խոսքը փաթեթային լուծման մասին է՝ փուլային իրականացմամբ, ինչի վերաբերյալ բազմաթիվ անգամ հայտարարել են համանախագահ երկրները»: Հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը՝ նշելով, որ Բաքուն ողջունում է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը: Դավիթ Բաբայանը կարծում է, որ պաշտոնական Երևանը համապարփակ պատասխան է տվել, և Արցախն էլ միշտ հայտարարել է, որ կարելի է «փուլային» քայլեր անել, բայց լուծումը պետք է լինի փաթեթային: Իսկ Լավրովի խոսքերին մեր զրուցակիցն առաջարկում է մոտենալ փիլիսոփայորեն, կոնցեպտուալ ձևով` շեշտելով, թե խնդիրն այն է, որ «փուլային» ասվածը մենք և Ադրբեջանը տարբեր ձևով ենք ընկալում և հասկանում: Տպավորություն չկա՞, որ Ադրբեջանը գոհ է Լավրովի ասածից, քանի որ «փուլային» բառի տակ հասկանում է 1990-ական թթ. առաջարկված փուլային լուծման տարբերակը, որը մերժվեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կողմից: Մեկնաբանելով հարցը՝ Դավիթ Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը լրիվ այլ պատկերացում ունի հիմնախնդրի կարգավորման մասին և ցանկացած սկզբունք, այդ թվում՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, այլ կերպ է մեկնաբանում, բայց դա չի նշանակում, որ Լավրովն ընդունում է Ադրբեջանի տեսլականը. «Նրանք մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Ուրեմն դա փուլային է, բայց ի՞նչ է փուլայինի տակ հասկացվում՝ նրանք չեն ուզում խոսել դրա մասին: Փուլային լուծումը Արցախի բռնակցումը չէ Ադրբեջանին՝ ինչպես Բաքուն է կարծում»: Ստեփանակերտում այլ կերպ են պատկերացնում հիմնախնդրի կարգավորման փուլային մոտեցումը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ անհրաժեշտ քայլերից պետք է լինեն խաղաղ բանակցությունների համար նորմալ պայմաններ ստեղծելը, բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն ու արցախյան կողմին բանակցությունների մեջ ընդգրկելը, պետական գաղափարախոսության վերանայումը Ադրբեջանում և հակահայկական քարոզչության դադարեցումը: Եվ այս իմաստով ճիշտ են նկատել այն փորձագետները, որոնց կարծիքով՝ եղած պայմանավորվածությունների կատարման մասին խոսելիս Լավրովը նկատի է ունեցել ոչ թե հիմնախնդրի կարգավորման ծրագրի ինչ-որ կետերի իրականացումը, այլ նախևառաջ լարվածության նվազեցումը շփման գծում և համապատասխան միջոցառումների իրականացումը՝ անվտանգության և կայունության ամրապնդման նպատակով: Ուրեմն առաջնային փուլերից մեկը կարող է լինել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարումը: Ինչ վերաբերում է «տարածքների հարցին», որն Ադրբեջանը դիտում է որպես առաջնային խնդիր, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս հայտարարել է, որ չկա տարածքների խնդիր, կա սահմանների հստակեցման խնդիր Արցախի և Ադրբեջանի միջև: Այսպիսով, մեր զրուցակիցը համոզված է, որ համապարփակ լուծման հասնելու համար պետք է նախևառաջ փոխվի Ադրբեջանի քաղաքականությունը, որովհետև որևէ փաստաթղթի ստորագրում չի բերի իրական խաղաղության, եթե Ադրբեջանը պատրաստակամ չէ խաղաղ համաձայնության գալու հիմնախնդրի կարգավորման շուրջ: «Եթե մենք ասում ենք, թե մի փաստաթղթով հնարավոր չէ հասնել վերջնական լուծման, և պետք է փուլեր անցնի, ապա այդ փուլերից մեկը բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումն է: Բանակցությունների ներկայիս՝ խախտված ձևաչափը հակասում է ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմանը, որտեղ Արցախը որպես բանակցային կողմ է ճանաչվել կոնսենսուսի միջոցով, և որևէ մեկը չի բեկանել այդ որոշումը կամ չի հաստատել նոր ձևաչափ կոնսենսուսի միջոցով: Երկրորդ՝ երբ Լավրովը նշում է նաև կարգավիճակի մասին, սա ուղղակի ազդանշան է Ադրբեջանին, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման՝ ճանաչման, հնարավոր չէ որևէ բանի հասնել: Սա փաստորեն ցույց է տալիս, որ առաջին հերթին պետք է կարգավիճակը որոշվի, այնուհետև խոսվի այլ խնդիրների մասին: Բաքուն պետք է նորմալ ընդունի այս ամենը: Կարծում եմ՝ նրանք հասկացան դա, և որպեսզի աժիոտաժ չլինի, չէ՞ որ ընտրությունների տարի է, չեն ուզում դա ներկայացնել որպես մի տեսլական, որով իրենք պիտի առաջնորդվեն, այդ պատճառով էլ հենց սկզբից ասում են՝ ընդունելի է, որպեսզի չխորանան դետալների մեջ, որտեղ իրենց համար ոչ բարենպաստ առաջարկներ են արվում: Որպեսզի հասնենք համապարփակ և վերջնական կարգավորման, անհրաժեշտ է երկար ժամանակ, և անհրաժեշտ է, որպեսզի փոխվի տեսլականը: Իրոք պետք է փուլային փոփոխություններ մտցվեն Ադրբեջանի քաղաքականության, տեսլականի մեջ, առանց որի հնարավոր չէ ակնկալել որևէ առաջընթաց: Ադրբեջանը պիտի հրաժարվի այդ ռևանշիստական, շովինիստական, նացիստական քաղաքականությունից, դադարեցնի հակահայկական քարոզչությունը պետականաշինության գործընթացում, իսկ դա աստիճանաբար է լինում: Դրանից հետո միայն հնարավոր կլինի հասնել կարգավորման: Սա կլինի միայն այն դեպքում, եթե խոսքը խաղաղ կարգավորման մասին է: Եթե ուժային տարբերակի մասին է խոսքը, ապա ուժային ճանապարհով հաղթում է նա, ով հաղթել է պատերազմում: Այս պարագայում պետք է ասել, որ Լավրովը փաստորեն ճիշտ է տեսնում այս ամենը, ինչի մասին պաշտոնական Ստեփանակերտը և պաշտոնական Երևանը բազմիցս նշել են, որ պետք է փոխվի Բաքվի տեսլականը, փիլիսոփայությունը, իսկ դա մենք, դժբախտաբար, չենք տեսնում»,- նշեց Դավիթ Բաբայանը: