Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում են․Դավիթ Բաբայան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը խաղաղ բանակցային գործընթացը շարունակելու համատեքստում են․Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 18-ին Կրակովում կայացած հանդիպումը: Նրա խոսքով՝ այս և նման հանդիպումները խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանող կարևոր գործոն են: «Մենք կարևորում ենք և չենք կիսում այն կարծիքը, որ այդ հանդիպումները պարզապես հանդիպումներ են և որևէ կարևորություն չեն պարունակում: Ի վերջո, նման հանդիպումների ժամանակ քննարկվում են ընթացիկ, այդ թվում՝ նաև կարգավորմանը վերաբերող հարցեր,  այդ հանդիպումների ժամանակ միջազգային հանրությունը իր տեսակետն է  հայտնում, հետևաբար դրանք կարևոր են: Իսկ այս հանդիպման բանալի գաղափարն այն է, որ, կարծես թե,  սկսվում են քայլեր կատարվել  Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու ուղղությամբ,  այսինքն՝ զինադադարի ռեժիմի խախտումների վերհանման  և դրանց նվազեցման ուղղությամբ, քանի որ գիտենք՝  հայտարարվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ գրասենյակի կազմի ընդլայնման մասին:  Պաշտոնական Ստեփանակերտը վաղուց այս մասին խոսում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը՝  հիշեցնելով, որ Արցախի կողմից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք հետաքրքրություն են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ: «Խոսքը  դիպուկահարների հետքաշման, տոն օրերին, միջազգային, ազգային, կրոնական տոներին զինադադարի ռեժիմի խախտումների բացառմանը: Սա կարծես այդ կայունության, փոխվստահության, խաղաղության մթնոլորտի ձևավորման մեջ է  տեղավորվում, հետևաբար շատ կարևոր են, բայց նաև շատ կարևոր են դրանից առաջ  տեղի ունեցած գործընթացները, հատկապես Լավրովի հայտարարությունը, որ մեկ փաստաթղթով հնարավոր չէ կարգավորել, իսկ եթե ավելի  բացենք փակագծերը, նույնիսկ կարելի է  ասել, որ սա փիլիսոփայական մոտեցում է, քանի որ փաստաթղթով չի կարելի  կարգավորել, եթե կարգավորված չէ մթնոլորտը տարածաշրջանում, եթե Ադրբեջանը շարունակում է իր  նացիստական քաղաքականությունը: Այս դեպքում անգամ եթե հազար հատ փաստաթուղթ էլ ստորագրվի, բան չի ստացվելու, հետևաբար սա ուղերձ է, որ պետք է  կամաց-կամաց այդ մթնոլորտը փոխելու,  գոնե երկխոսությունն ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ»,-նշեց նա: Դավիթ Բաբայանը անդրադարձավ նաև Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու՝ բավականին հաճախ բարձրաձայնված հարցին՝ ընդգծելով, որ դա արդեն հրամայական է: «Մենք միշտ խոսում ենք դրա մասին և կարծում ենք, որ  առանց դա հնարավոր չէ  կարգավորել հիմնախնդիրը, բայց պետք է  նաև իրատես լինենք, որ Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա հատկապես 2018 թվականին, որը շահարկումների տարի է լինելու: Գիտենք, որ այդ արհեստածին երկրի ստեղծման 100-ամյակն է, նախագահական ընտրություններ են լինելու, Հեյդար Ալիևի 95- ամյակը, Աղդամի, Քելբաջարի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլու, Ղուբատլուի  կորստի 25-ամյակն է: Նրանց համար ամենամեծ տարածքայի կորուստներն է եղել, և, հետևաբար սա շահարկումների առիթ է դառնալու, սկսելու են դիվանագիտական, քաղաքական ոլորտում հիստերիաներ, ինչ-որ ահաբեկչական գործողություններ, չի  բացառվում սահմանին սադրիչ գործողություններ, այսինքն՝ սա հասկանալի խնդիր է, և կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դա թույլ չտալու համար: Բայց մյուս կողմից Արցախը ներգրավված է բանակցային գործընթացում, բայց ոչ լիիրավ:  Մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատանք տանել, որպեսզի լիարժեք ձևաչափը վերականգնենք»,-եզրափակեց ԱՀ նախագահի մամուլի քարտուղարը: