Վարչապետը պոպուլիզմի մասին խոսելուց առաջ պիտի քննի սեփական գործողությունները․Սերգեյ Բագրատյան

«Քաղաքական հարթության վրա պետք է բոլոր բանավեճերը քաղաքակիրթ իրացնել, չի կարելի քաղաքական երկրորդ ուժին մեղադրել պոպուլիզմի մեջ, դա առնվազն անթույլատրելի է»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով  վարչապետի հայտարարություններին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված  նախագծերից մեկի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված 2 օրենքի նախագծի․ մեկը վերաբերում էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն, մյուսը՝ գյուղատնտեսությանը ուղղվող պետական աջակցության սահմանմանը։ Կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, բավականին կոշտ արձագանքեցին՝ հատկապես ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդևան Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Կարեն Կարապետյանն անգամ շեշտել էր․ «Այդպես ո՞նց կլինի, վաղը նախաձեռնելու են` եկեք բոլորին փող տանք, եկեք բոլոր հարկերն ազատենք: Եթե տակը հաշվարկ չկա, ինչպե՞ս որոշենք՝ ճիշտ է, սխալ է, գուցե այդ նախաձեռնությունների մեջ որոշակի նման հայտանիշնե՞ր ձևակերպենք»։ Կարեն Կարապետյանը նաև ընդգծել էր, որ այսպես հնարավոր է պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն կառավարությանը: Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ պոպուլիզմի մասին խոսելուց առաջ պիտի քննել սեփական գործողությունները, նախագիծը շատ պարզ է եղել, նպատակը գյուղատնտեսության սուբսիդավորումն է, որպեսզի մեղմվի դիզվառելիքի, գյուղատնտեսության մեջ օգտագործվող նյութերի, սերմերի թանկացումը։ «Եթե սուբսիդավորման մեջ պոպուլիզմ կա, աշխարհի բոլոր երկրներում այն չեն կիրառի, նշանակում է՝ ամբողջ աշխարհը զբաղված է պոպուլիզմով, բացի մեր կառավարությունից։ Պոպուլիզմով իրենք են զբաղվում, որ մենք հարց ենք բարձրացնում՝ ծանր վիճակ է գյուղացիության մոտ, գյուղացիները սահմանամերձ գյուղերը մասսայաբար լքում են, իրենք ընդամենը մի փոքրիկ կարուսել են տարել  գյուղում դրել, համարում են՝ խնդիրները ավարտել են այդ գյուղի հետ։ Պոպուլիզմը թանկացման ֆոնին՝ թանկացումը չընդունելը և պատճառաբանելը․․․ եթե թանկացման մասին չխոսեիք՝ չէր թանկանա»,- ընդգծեց պատգամավորը։ Մանրամասները՝ տեսանյութում։