Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անպայման խոսելու են Արցախի մասին. Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անպայման խոսելու են Արցախի մասին. Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ նախքան Ստրասբուրգ մեկնելը Հայաստանի նախագահը ժամանելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այց է: Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽՎՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսված է հունվարի 24-ին: Բայց մինչ այդ՝ հունվարի 22-ին, նա հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահի, ինչպես նաև խորհրդարանական երկու պալատների նախագահների հետ: Այս տեղեկությունը, իհարկե, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: «Հայաստանի նախագահը Ֆրանսիայում է լինելու հունվարի 22-ին և հանդիպումներ է ունենալ նախագահ Մակրոնի, ինչպես նաև Ազգային խորհրդի նախագահ Ֆրանսուա դը Ռուժիի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ»,- տեղեկացրեց Հարութ Մարտիրոսյանը: Խոսելով Սարգսյան-Մակրոն հանդիպման օրակարգի մասին, թե ենթադրաբար ինչ հարցեր են քննարկելու Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները, Հարութ Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ առաջին հերթին քննարկվելու են այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք շատ կարևոր իրադարձության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Փարիզում կայանալիք հանդիպումը փաստորեն լինելու է նախագահ Սարգսյանի և նախագահ Մակրոնի առաջին պաշտոնական շփումը երկկողմ բանակցությունների ձևաչափով: Քննարկվելիք այլ հարցերի մասին մեր զրուցակիցը դժվարանում է ենթադրություններ անել, բայց համոզված է, որ Ֆրանսիայի և Հայաստանի ղեկավարներն անպայման խոսելու են Արցախի հիմնախնդրի մասին: «Անպայման խոսելու են Արցախի հարցի մասին, բայց կոնկրետ ինչ պիտի խոսեն և ինչքան՝ չգիտենք: Անկարելի է, որ չխոսեն Արցախի մասին, որովհետև Ֆրանսիան համանախագահ է ԵԱՀԿ Մինսկի խմբում: Բայց այս պահի դրությամբ օրակարգ չունենք: Գիտենք միայն, որ երեք հանդիպումներ արդեն պատրաստված են»,- նշեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահը: