«Բնակլիմայական կատակլիզմ. Այս տարի կունենանք երաշտ»

«Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները բավականին անկայուն են դարձել` մեկ լինում է սաստիկ ցուրտ ձմեռ, ինչպես անցյալ տարի, մեկ էլ արտասովոր տաք, ինչպես այս տարի է և սա, բնականաբար, նորմալ չէ, որովհետև երկրագնդի վրա ընդհանուր կլիմայական լուրջ փոփոխություններ են տեղի ունենում և այսօր ականատես ենք լինում, որ անկայուն են այդ փոփոխությունները, որը հանգեցնում է նաև էկոլոգիական լուրջ խնդիրների», - «Առաջին լրատվական» - ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը` անդրադառնալով այն հարցին, թե կլիմայական ի՞նչ կատակլիզմների կարող է հանգեցնել ձմեռային անոմալ տաք և առանց տեղումների եղանակը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կանխատեսումների` հունվարի 20-ից հետո օդի ջերմաստիճանը բարձրանալու է: Բանախոսի հավաստմամբ, եթե ձմեռվա երկրորդ կեսին անգամ լինեին էլ բավականին առատ տեղումներ ձյան տեսքով, ապա միևնույն է դա չի կոմպենսացնելու տեղումների այն քանակը, որը պետք է գար նոյեմբերի կեսից մինչև մարտի կես` այնպես, ինչպես սովորաբար լինում է Հայաստանում: «Այս տարի մենք, հավանաբար, կունենանք երաշտ, ինչից մեծապես վնասներ կկրի գյուղատնտեսությունը. եթե անցյալ տարի ջրի խնդիր չկար, բայց Սևանից այդքան ջուր բաց թողեցին, ապա պատկերացրեք, թե այս տարի ինչ է կատարվելու, այսինքն Սևանը ցամաքեցնելու են, որպեսզի գյուղատնտեսությունն ոռոգեն, ինչը շատ լուրջ խնդիր է», - շեշտեց Նազելի Վարդանյանն ու հավելեց. «Կլիմայական ամեն տեսակի կատակլիզմներ կարող են լինել. երաշտն արդեն իսկ կատակլիզմ է, ջրերի ցամաքումը, ամբողջ ամառ անտառներն այրվում էին և, եթե այս տարի էլ նույնը կրկնվի, ապա պատկերացրեք, թե ինչ խնդրի առջև ենք կանգնելու, որովհետև անտառները մեր թոքերն են և, եթե անտառային տարածքները պակասում են, ապա դա անմիջական ազդեցություն է ունենում և սողանքների վրա և կենդանական ու բուսական աշխարհի վրա և, իհարկե, առաջին հերթին հենց մարդու առողջության վրա»։