Հնարավոր է՝ գեներալիտետն է կանգնած Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետևում. ՀԺ

Հնարավոր է՝ գեներալիտետն է կանգնած Վիգեն Սարգսյանի դեմ արշավի հետևում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա է դարձել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան կոչը՝ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու դրամահավաքության նպատակով: Ինչո՞ւ ՊՆ-ն իր միջոցներից գումար չի տրամադրում այդ վիրահատության համար. «ՀԺ»-ի այս և մի քանի այլ հարցերի պատասխանել է Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը: - Պարոն Բադասյան, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով կոչ արեց միանալ վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին արտերկրում վիրահատելու նպատակով նախաձեռնված դրամահավաքին: Նախարարի այս կոչը մեծ աղմուկ առաջացրեց. ի՞նչ եք կարծում, նման կոչը պաշտպանության նախարարի կողմից ճի՞շտ էր: - Պետք է 1000 դրամների ֆոնդից տրամադրվեր այդ գումարը: Եթե վիրահատությունը հնարավոր է անել Հայաստանում, պետք է այստեղ անել, բայց եթե ծնողը գտնում է, որ Գերմանիայում ավելի ապահով կլինի, ապա դրամահավաքությունը սխալ չէ, բայց դա չպետք է նախարարը անի: Դրամահավաքը պետք է նախաձեռնեին հասարակական կազմակերպությունները, հասարակական գործիչները, նրանք պետք է նախաձեռնեին, որովհետև պաշտպանության նախարարը բանակի ղեկավարն է, և ինքը պետք է նման հարցերից զերծ մնա: - Արդյո՞ք հնարավոր չէր այս վիրահատությունը կատարել ՊՆ միջոցներով: - ՊՆ-ն պարտավոր է կատարել հատկացումները: ՊՆ-ն բնակարան է պարտավոր տալ մարդուն, եթե բոլորը բնակարանը ուզում են Երևանից, դա պետք չէ, որ լինի, ամեն մեկը իր ապրելատեղի համար պետք է բնակարան ստանա: Եթե նման վիրահատությունը այստեղ կատարվում է, պետք է այդ 1000 դրամներից հատկացվեր, ինչպես որ անցյալ տարի հայտարարվել էր այդ ծրագրով: - Վերջին շրջանում անգամ պրոիշխանական լրատվամիջոցներով Վիգեն Սարգսյանի դեմ ակնհայտ արշավ է նկատվում, ըստ ձեզ, դա ինչո՞վ է պայմանավորված: - Չեմ կարող ասել, կարող եմ ենթադրել, որ հնարավոր է գեներալիտետից, որից նախարարն արդեն ուզում է ազատվի. հնարավոր է, դա է պատճառը, որովհետև մեծ հաշվով այդ գեներալիտետն այս իշխանության մեջ է: - Այսինքն՝ գեներալիտե՞տն է կանգնած այս արշավի հետևում: - Ես իրավունք ունեմ այդպես ենթադրելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: