Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են փոխզիջումային համաձայնության հասնել սպասվող հանդիպմանը

Նալբանդյանն ու Մամեդյարովը կարող են փոխզիջումային համաձայնության հասնել սպասվող հանդիպմանը

Հունվարի երկրորդ կեսին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս հանդիպման մասին հայտնի էր դեռ նախորդ տարվա վերջին: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե եռանախագահների առաջարկությամբ նախատեսվում է ևս մի հանդիպում, որը լինելու է հունվարի երկրորդ կեսին, և արդեն կան պայմանավորվածություններ՝ կոնկրետ օրվա և հանդիպման վայրի մասին: «Մենք նորից կառուցողական ենք տրամադրված, որպեսզի իսկապես քննարկենք, տեսնենք՝ ինչպես կարող ենք մոտեցնել դիրքորոշումները, ստեղծենք այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի առաջ շարժել այս գործընթացը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Բայց ի՞նչ հարցեր են կոնկրետ քննարկելու, ինչի՞ շուրջ են բանակցելու հակամարտող երկու երկրների դիվանագետները: Խոսք կլինի՞ հիմնախնդրի լուծման տարբերակների, տարրերի մասին, թե՞ կրկին կողմերը կենտրոնանալու են շփման գծում անվտանգության միջոցառումների իրականացման, միջադեպերի կանխարգելման, լարվածության նվազեցման խնդիրների վրա: Ամեն դեպքում նման բարձր մակարդակով հանդիպումները երբեք ինքնանպատակ չեն լինում, առավել ևս եթե հաշվի առնենք այն, որ արտգործնախարար Նալբանդյանի խոսքերով՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպումը տևել է շուրջ չորս ժամ: Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը չի ուզում մտնել ենթադրությունների ոլորտ, բայց ավելի շատ հակված է այն վարկածին, որ կողմերը առաջիկա հանդիպման ընթացքում քննարկելու են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունների կատարման հարցերը: Ռուսաստանցի փորձագետը որոշ դրական ակնկալիքներ ունի Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից: Հնարավոր է՝ Ադրբեջանը համաձայնություն տա շփման գծում դիտորդների տեղակայմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը: Սակայն Տարասովին հիասթափեցնում է այն փաստը, որ օրակարգում ներառված չէ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը: «Այն փաստը, որ արտգործնախարարները պատրաստ են հանդիպել, ցույց է տալիս, որ կա բանակցությունների կոնկրետ թեմա: Կա ինչ-որ առաջարկ, որի մասին մենք ոչինչ չգիտենք, բայց ըստ երևույթին, այն փոխզիջումային է, քանի որ ադրբեջանական կողմը դրական գնահատական է տվել սպասվող հանդիպմանը: Դա ցույց է տալիս, որ իրենք գոհ են բանակցությունների ընթացքից: Հնարավոր է՝ Ադրբեջանը համաձայնում է շփման գծում մշտադիտարկմանը և Կասպրշչիկի լիազորությունների ընդլայնմանը: Եվ հետո նա ուզում է աջակցություն ստանալ՝ սկսելու ավելի լայն բանակցային գործընթաց, որտեղ որոշվելու են շրջանների և Ղարաբաղի կարգավիճակի հարցերը: Ինձ չի գոհացնում այն հանգամանքը, որ օրակարգում ներառված չէ բանակցությունների ձևաչափի փոփոխության, իսկ ավելի կոնկրետ՝ Ղարաբաղը բանակցային գործընթացին միացնելու հարցը, որովհետև առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, այդ պայմանավորվածությունների կատարումը կարող է կասկածի տակ դրվել: Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ քննարկվելու են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, մասնավորապես՝ մշտադիտարկում և դիտորդներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Տարասովը: