Կայսրության արյունոտ ձեռագիրը

Կայսրության արյունոտ ձեռագիրը

Երեք տարի առաջ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը գնդակահարեց Ավետիսյանների ընտանիքին: Իրավական հարթության վրա այդպես էլ չբացահայտվեց այս ծանր ոճիրը: Պերմյակովն այդպես էլ, ըստ էության, անհասանելի մնաց Հայաստանի արդարադատության համար` թեև ձևականորեն դատը տեղի էր ունենում մեր երկրի դատարանում: Ոճրագործը նախաքննության և դատավարության ողջ ընթացքում պահվեց ռուսական ռազմակայանում` ի դերև անելով հանցագործության բացահայտման որևէ հեռանկար: Հանցագործությունը համարվում է բացահայտված, երբ պարզվում է դրա պատճառահետևանքային կապը: Երեք տարի անց նույնիսկ` այդպես էլ հայտնի չի դարձել, թե որն է եղել ռուսական ռազմաբազայի զինծառայողի գործած ոճիրի մոտիվը: Եթե գործեր արդարադատությունը, գուցե արյունոտ այս միջադեպը խոր հետք չթողեր հայ-ռուսական հարաբերությունների վրա: Երեք տարվա հեռավորությունից արդեն այնքան էլ էական չէ, թե անասնական որ բնազդն է եղել Պերմյակովի արարքի պատճառը, որովհետև, մեծ հաշվով, սա կայսրության, օկուպացիոն ռեժիմի սովորական ձեռագիր է, որով հարուստ է համաշխարհային պատմությունը: Մոսկվան ապացուցեց, որ ոճրագործ զինծառայողն իր համար ավելի թանկ է, քան` հայ-ռուսական հարաբերությունները: Միջպետական հարաբերություններում Մոսկվան Հայաստանի հետ վարվում է նույն նենգությամբ, դաժանությամբ, ցինիզմով: Պերմյակովի արյունոտ ոճիրն ընդամենը հետևանք է, որը եկավ փաստելու, որ հայ-ռուսական հարաբերությունները ձևախեղված են, գտնվում են շատ ցածր նշաձողի վրա: Պերմյակովի արարքը պետք է լուրջ ազդակ դառնար Հայաստանի իշխանությունների համար` հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը վերանայելու, պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: Հայաստանի իշխանությունները, սակայն, ոչ միայն հանդես չեկան արժանապատիվ կեցվածքով, այլ ամեն ինչ արեցին` սպանդին հաջորդած օրերին Գյումրիում սկիզբ առած ինքնաբուխ հուզումները ճնշելու համար: Ռուսական կայսրության արձագանքը չուշացավ: Եթե Հայաստանը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը, ապա անխուսափելի պետք է լիներ ոտնձգությունը պետության, նրա ինքնիշխանության դեմ: Եթե Պերմյակովի ոճիրին հաջորդեր Հայաստանի արժանապատիվ կեցվածքը, Ռուսաստանը գուցե վերանայեր իր քաղաքականությունը մեր երկրի, ժողովրդի հանդեպ: Գյումրիի արյունոտ միջադեպը դարձավ այն մեծ շղթայի օղակներից մեկը, որով Մոսկվան Հայաստանում վերացրեց դիմադրության ռեսուրսը: Դրան պետք է հաջորդեր Ապրիլյան պատերազմը, որը տեղի ունեցավ Մոսկվայի հրահրմամբ, երբ Ռուսաստանի մատակարարած սպառազինությամբ հեղեղվեց հարյուրից ավելի հայ երիտասարդների արյուն: Պերմյակովի ոճիրը հայ-ռուսական վասալային հարաբերությունների խորհրդանիշն է: Ոչ առաջինը և հաստատ` ոչ վերջինը, քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր արժանապատվությունը, ինքնիշխանությունը, սուբեկտությունը: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանում գլխատեց Հայաստանի վերնախավին, Գյումրիի միջադեպը կայսրության արյունոտ ձեռագրի հերթական դրսևորումն էր, որին արժանանում են ժողովուրդները, որոնք կորցրել են դիմադրելու, պայքարելու ունակությունը: Երեք տարի առաջ Գյումրիում Ռուսաստանն` իր ոճրագործ զինվորի ինքնաձիգով, հերթական անգամ կրակել է մեր ինքնիշխանության վրա, օկուպացրել է մեր դիմադրության հերթական ամրոցը: Ու նվաստացուցիչ այս վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ռուսական հարաբերությունները կառուցվելու են տիրոջ և ծառայի շփումների տրամաբանությամբ: