Քաղաքական պրոցեսները վերածել են կրկեսի, որին մասնակցելու ցանկություն ժողովրդի մոտ չի մնացել

Քաղաքական պրոցեսները վերածել են կրկեսի, որին մասնակցելու ցանկություն ժողովրդի մոտ չի մնացել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Սուրեն Սահակյանը։ -Սուրեն, «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամների՝ տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ ակցիաներից անցել է հինգ տարի: Հունվարի մեկից սկսված թանկացումները հնարավոր է ազդեն նաև տրանսպորտի սակագնի բարձրացման վրա: Չնայած մի շարք խնդիրների կուտակմանը՝ չկան նախկին քաղաքացիական շարժումները: Ձեր շարժման ակտիվիստները նույնպես չկան: Ինչո՞ւ: -Ի՞նչ ասել է ակտիվիստները «չկան»: Նրանք ողջ-առողջ են, չեն արտագաղթել, ապրում են մեր մեջ, որոշակի հանրային ակտիվություն են դրսևորում։ Նախ, տերմինների շուրջ համաձայնության գանք։ Մեզ մոտ եղած քաղաքացիական դրսևորումները դժվար է շարժումներ անվանել։ Դրանք կոնկրետ ձևակերպված խնդրի շուրջ ձևավորված նախաձեռնություններ են եղել, որոնք կա՛մ հաջողել են, կա՛մ ոչ։ Ըստ այդմ էլ, չի կարելի ասել, թե շարժումը որևէ մեկինն էր։ Որոշակի հարցի շուրջ մի անձ կամ մի խումբ խնդիր է ձևակերպել, ինչը համոզել է շատերին ու դարձել նրանց բոլորի պահանջը։ Պրոցեսի այս կամ այն կերպ հանգուցալուծումից հետո էլ նախաձեռնությունները ցրվել են։ Այս ամենից հետևում է, որ նոր նախաձեռնության համար պետք է ձևակերպված խնդիր լինի, որը շատերին կհամոզի ու կմիավորի՝ թե՛ նախկին նախաձեռնության անդամների թվից, թե՛ նոր մարդկանց։ Բացի հստակ ու համոզիչ ձևակերպված խնդրի բացակայությունը, կա նաև մեթոդաբանության խնդիր։ Մենք, իհարկե, ամեն նոր նախաձեռնության արդյունքում փորձ ենք կուտակել՝ ինչ ու ինչպես կարելի է անել և ինչ չի կարելի ընդհանրապես։ Բայց դրանք չեղարկելու, ի չիք դարձնելու փորձ է կուտակել նաև պետական ապարատը յուրացրած վարչախումբը։ Կոնյուկտուրային ընդդիմության կամ, ընդհանրապես, ժողովրդից մեկուսացած քաղաքական դաշտի, կենտրոնացված ԶԼՄ դաշտի և ոստիկանության համադրությամբ վարչախումբը քաղաքացիական դրսևորումները ճնշելու բացասական առումով էֆեկտիվ գործիքներ է ստեղծել։ Հաջողության հասնելու հին մեթոդների հնարավորությունները, եթե չասենք սպառել են իրենց, ապա մեծ դժվարությամբ են կենսագործվում։ Սրանց հակադրելու էֆեկտիվ գործիքներ դեռ չեն ստեղծվել։ Բայց քանի որ դրա շուրջ անընդհատ հանրային քննարկումներ են տեղի ունենում, վստահ եմ, ի վերջո ճարը կգտնվի։ - Հունվարին «Ելք»-ը նախաձեռնել է երթ՝ ընդդեմ թանկացումների: Արդյոք կլինե՞ք այդ երթին: -Ոչ, չեմ լինի։ Ընդ որում, դիրքորոշումս մի քանի գործոններով է պայմանավորված։ Նախ, ինձ համար անհասկանալի է երթի նպատակը ու բարձրացված խնդրի լուծման հարցում դրա էֆեկտիվությունը։ Երկրորդը, ինչպես ինձ, այնպես էլ ինձ նման շատերի մոտ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հարկային նոր օրենսգրքի որոշ կետերի փոփոխությունը լուծելու է նվազագույնը՝ ապրանքների թանկացման խնդիրը։ Իմ կարծիքով՝ խնդիրը քաղաքական ու, դրանով էլ պայմանավորված, տնտեսական համակարգերի մեջ է։ Այս համակարգերի հիմքում ընկած է կոռուպցիան ու հովանավորչությունը։ Սրան կարելի է գումարել այն մոնետարիստական գործիքակազմը, որ կառավարությունը երկար տարիներ կիրառում է տնտեսությունը իբրև թե կարգավորելու համար, որոնք իրենք իրենցով ենթադրում են գների պարբերական աճ, սղաճ։ Նշված երկուսին էլ գումարենք վարչախմբի կողմից արդարադատության չեզոքացումը, ֆորմալ քաղաքականության ու տնտեսության մոնոպոլիզացիան ու փաստենք, որ այս քաղաքական համակարգի կենսագործունեության ամբողջ ընթացքում մենք երբեք չենք խուսափելու գների բարձրացումից ու, դրանով էլ պայմանավորված, քաղաքացիների բարեկեցության պերմանենտ անկումից, աղքատության տոկոսի բարձրացումից։ Այս քաղաքական ու տնտեսական համակարգերը ի վիճակի չեն ավելի լավ բան առաջարկել։ Հետևաբար, «Ելք»-ի կողմից խնդրի ձևակերպման մեջ մեծ խնդիրներ կան։ Եվ երրորդը, երբեմն կարևոր է լինում դիտարկել, թե ինչ է ասվում, այլ նաև թե այդ ասելիքն ով է ասում և ինչպես։ «Ելք» դաշինքի որոշ առանցքային դերակատարներին լսելով, տպավորություն է ստեղծվել, թե նրանց մոտ ժողովրդի հանդեպ վերաբերմունքի հարցում որոշակի կարծրացած փիլիսոփայություն է ձևավորվել։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը չի կարողանում հասկանալ իր լավն ու վատը։ Նրանց խոսքերով, անցումային դեմոկրատիայի փուլում գտնվող «համբալ ու ծախված» հանրությունն ինքն ի վիճակի չէ սեփական ուժերով իր հարցերը ձևակերպել և լուծել։ Դա, ըստ փիլիսոփայության, նորմալ երևույթ է և պետք է հանգիստ վերաբերվել դրան։ Այ, երբ հանրությունը կհասունանա, կհասկանա, թե «Ելք»-ն ինչ վեհ երևույթ էր/է և ինչ բարձր մատերիաներից էին խոսում նրանք ժամանակին։ Երթի հետ կապված վերջին հայտարարություններն էլ փաստում են, որ նրանց կարծիքով՝ այն կատալիզատոր է, որը ցույց կտա, թե ինչքան է հասունացել հանրությունը, քանի որ մեծ ու կարևոր մարդիկ ձևակերպել են ու տրամադրել են հանրության լայն զանգվածների խնդիրները, իսկ հանրությանը մնում է միայն դուրս գալ փողոց ու լուծել դրանք։ Ինձ համար քաղաքացիների նման մոտեցումն անընդունելի է։ Չկա այն գիտակցումը, որ ոչ թե ժողովուրդը չի հասկանում քաղաքական պրոցեսները, դրա համար անհաղորդ է դաշտում կատարվածին, այլ ամբողջ քաղաքական դաշտն է քաղաքական պրոցեսները վերածել կրկեսի, որին մասնակցելու ցանկություն ժողովրդի մեծ մասի մոտ չի մնացել։ Եվ ես վստահ եմ, որ նշված փիլիսոփայությունն ու մոտեցումները շարունակող մարդիկ ու խմբերն ավելի շուտ կհայտնվեն քաղաքական աղբանոցում, քան իրենց կարող է թվալ։ -Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ քաղաքացիական շարժումները այդպես էլ չտրասֆորմացվեցին քաղաքականի: Այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ: -Հենց հարցի ձևակերպումը հուշում է, որ այստեղ գործ ունենք արհեստականորեն ստեղծված ու առաջ մղվող հանրային դիսկուրսի հետ։ Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքական հարցեր են բարձրացրել ու լծվել դրանց լուծմանը։ Որտեղի՞ց քաղաքացիականի ու քաղաքականի հակադրությունը։ Հակադրությունը սերմանել են վարչախմբի սպասարկուները որոշակի նպատակով։ Նպատակը՝ քաղաքացիներին հնարավորինս հեռու պահել ռեալ քաղաքական խնդիրների բարձրաձայնումից ու լուծումից։ Սխեման հետևյալն է․ խնդրեմ, դուք զբաղվեք սոցիալ-տնտեսական խնդիրներով, բայց հանկարծ մտքներովդ չանցնի վիճարկել իշխանությունը, որովհետև «քաղաքականությունը» մեր «բոստանն» է, դա շատ կեղտոտ բան է և մենք ինքներս կզբաղվենք դրանով։ Քաղաքականության էության մասին տարբեր ձևակերպումներ կան, բայց դրանցից ինձ առավել հարազատն այն է, որ քաղաքականությունը իրավունքների համար պայքար է։ Եկեք քննարկենք, թե ո՞րն է ավելի քաղաքական գործունեություն՝ ֆորմալ քաղաքակա՞նը, թե՞ քաղաքացիական նախաձեռնություններինը։ Ֆորմալ քաղաքական դաշտը մի գլխավոր խնդիր է առանձնացնում՝ «իշխանափոխությունը»։ Սա ասելով, ենթադրվում է, որ դրան տանող ուժերը ցանկություն են հայտնում եղած վարչախումբը փոխարինել իրենցով։ Մինչդեռ հնարավոր է իշխանափոխություն լինի, բայց հանրության մեծ զանգվածի համար որևէ բան չփոխվի կամ չնչին փոփոխություններ լինեն։ Ավելին, իմ կարծիքով, Անկախության հռչակագրից հետո Հայաստանում նվազագույնը չորս անգամ իշխանափոխություն տեղի է ունեցել, բայց համակարգը մնացել է նույնը։ Հետևաբար, իշխանափոխության օրակարգը, ձևակերպումից ելնելով, կարելի է նույնիսկ համարել ապաքաղաքական։ Ի հակադրություն սրան, քաղաքացիական նախաձեռնությունները որոշումներ կայացնելու իրավունքն են վիճարկել։ Դրա մասին են խոսում նաև կարգախոսները, որոնք հնչել են ամեն անգամ փողոց դուրս գալիս՝ «Մե՛նք ենք տերը մեր երկրի», «Որոշողը մե՛նք ենք» և այլն։ Հանրային տարածքների օգտագործման իրավունքի մասին էր խոսքը Մաշտոցի պուրակում։ Մեզ վերաբերվող հարցերում որոշումներ կայացնելուց հանրության ձայնին ականջալուր լինելու, դրանցում ամենաէական մասնակցությունն ունենալու մասին էին տրանսպորտի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախաձեռնությունները։ Այսինքն՝ ըստ ձևակերպման, թե քաղաքականությունը իրավունքների համար պայքար է, քաղաքացիական ձևավորված նախաձեռնություններն ավելի են համապատասխանել, քան ֆորմալ քաղաքական գործունեությունը Հայաստանում։ Թող ընթերցողն ինքը որոշի, թե որն է ավելի քաղաքական։