Ինչու է Ռուբեն Հայրապետյանը վստահում ընտրական փուլը տապալած Արթուր Պետրոսյանին

Ինչու է Ռուբեն Հայրապետյանը վստահում ընտրական փուլը տապալած Արթուր Պետրոսյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպելով լրագրողներին՝ տվեց հայկական ֆուտբոլի հետ կապված գրեթե բոլոր հուզող հարցերի պատասխանը: Բոլորը վերջնականապես համոզվեցին, որ Հայրապետյանը ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը շարունակելու են աշխատել: «Արթուր Պետրոսյանին վստահում եմ: Նրա հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել»,- ասաց ՀՖՖ նախագահը: Ասուլիսի ընթացքում Ռուբեն Հայրապետյանի կողմից սա թերևս միակ հայտարարությունն էր, որը ոչ միանշանակ արձագանք գտավ: Մասնավորապես, շատերը չեն պատկերացնում թե ինչպես կարելի է վստահել մի մարզչի, որի գլխավորությամբ մեր հավաքականը ուղղակի ձախողվեց կրելով մի քանի խայտառակ պարտություններ: Թվում էր, թե շրջափուլի ավարտից հետո Պետրոսյանն ինքնակամ կհեռանա, բայց․․․: Ինչ խոսք անհաջողության մեջ կարելի է մեղադրել ֆուտբոլիստներին, բայց ազգային թիմի մրցելույթների գլխավոր պատասխանատուն այնուամենայնիվ գլխավոր մարզիչն է: Հանուն ճշմարտության պետք է փաստենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս կազմով ուղղակի անհնար էր պայքար մղել առաջին կամ երկրորդ հորիզոնականների համար: Չունենք դարպասապահ, չունենք նորմալ հարձակվողներ, պաշտպանությունում մշտապես խնդիրներ են ծագում: Առկա իրավիճակում հավաքականին կարող էր առաջ տանել լուսահոգի Յան Պորտերֆիլդի պես մասնագետը: Այս մարզիչը հաղորդելով պայքարի ոգի ստիպում էր ֆուտբոլիստին գլխից վեր ցատկել և պայքարել մինչև վերջ: Ցավոք Պետրոսյանը Պորտերֆիլդի որակները չունի: 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտից հետո Ռուբեն Հայրապետյանը կանգնած էր երկընտրանքի առաջ՝ հեռացնել Պետրոսյանին, թե ոչ: Նա բնականաբար գիտակցում էր, որ կարճ ժամանակահատվածում չափազանց դժվար է գտնել մի մարզչի, որը մինչև 2018 թվականի սեպտեմբերը կկարողանա ոտքի կանգնեցնել հավաքականը: Ընդունենք նաև, որ բարձրակարգ, խելամիտ, հեռատես մասնագետը ուսումնասիրելով Հայաստանի ազգային հավաքականը դժվար թե իր վրա պատասխանատվություն վերցներ: Հավանականությունը մեծ էր, որ Պետրոսյանին փոխարինած մասնագետը փորձելով գնալ փոփոխությունների՝ վերջնականապես քանդեր հավաքականը: Հաշվի առնելով ռիսկի մեծ գործոնն ու նոր Պորտերֆիլդ գտնելու գործնականում անհնար լինելը, Հայրապետյանը ընտրեց Արթուր Պետրոսյանին, ասել է թե փորձված թանը անփորձ մածունի հետ չեմ փոխի: Հայրապետյանի որոշմանը հավանաբար նպաստել է այն, որ Պետրոսյանը լավ թե վատ այնուամենայնիվ տիրապետում է մեր ազգային թիմի առանձնահատկություններին և ենթակառուցվածքին: Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից է և քաջատեղյակ է շատ նյուանսների: Խայտառակ պարտություններից զատ՝ Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականը տոնել է մի քան հաղթանակ: Շատերն են հիշում Մոնտենեգրոյի հետ երևանյան հանդիպումը: Երկրորդ կեսում Պետրոսյանը փոխեց խաղը և մերոնք կարելի է ասել պատմական կամային հաղթանակ տարան: Երեկվա ասուլիսում Հայրապետյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ մինչև սեպտեմբեր՝ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկը ամեն ինչ կարվի հավաքականն ուժեղացնելու համար: «Յուրչենկոյի հետ բանակցում ենք և նորից կհրավիրենք Հայաստանի հավաքական: Նա բարձրակարգ դարպասապահ է և շատ եմ ցանկանում, որ նա խաղա մեր հավաքականում»,- նշել էր Հայրապետյանը: Հիշեցնենք, որ ռուսական «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն անցյալ տարի չմիացավ Հայաստանի հավաքականին ՌԴ-ում լեգեոների կարգավիճակ ստանալու պատճառով: Մոնտենեգրոյի հետ հանդիպումից առաջ խոսելով Յուրչենկոյի մասին Հայրապետյանն ասել էր․ «Յուրչենկոն պետք է հավաքականին հիմա, եթե չեկավ, ապա հավաքականի երեսն այլևս չի տեսնի։ Նա մեզ պետք է Չեռնոգորիայի, Դանիայի և Լեհաստանի հավաքականների հետ խաղերի համար»։ Հիմա իրավիճակն այլ է և բոլորս քաջ գիտակցում ենք, որ «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանի հետ «ճանապարհ գնալ» չի կարելի: Վճռական պահին այս դարպասապահը հեշտ ու հանգիստ կարող է գնդակ նվիրել մրցակցին: Առկա իրավիճակում Յուրչենկոն ուղղակի փրկություն է մեզ համար: «Ազգերի լիգայի վիճակահանությունից հետո կորոշենք, թե որ թիմերի հետ ենք ընկերական հանդիպումներ անցկացնելու և լուրջ հետևություններ ենք անելու: Բանակցում ենք արտասահմանում հանդես եկող բոլոր հայ ֆուտբոլիստների հետ: Շատերին փորձում ենք համոզել խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասում էր Հայրապետյանը: Ինչևէ, սպասենք հունվարի 24-ին կայանալիք վիճակահանությանը, որից հետո մեր հավաքականի հնարավորությունների մասին կարելի կլինի ավելի պատկերավոր խոսել: