Հասարակության ուլտիմատումը` հեղափոխություն կամ գործարք

Հասարակության ուլտիմատումը` հեղափոխություն կամ գործարք

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եթե մեծ թվով մարդիկ չմասնակցեն հունվարի 19-ի իրենց երթին, ապա հասարակությունը խնդիր չունի թանկացումների հետ: Արտաքուստ Փաշինյանի ասածը նույնիսկ տրամաբանական է թվում, որովհետև «Ելք»-ի երթն ուղղված է հենց թանկացումների դեմ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային ենթաշերտ: Հայաստանի հասարակությունը, որի մեկ երրորդն անգամ պաշտոնապես աղքատ է, թանկացումների հետևանքներն իր մաշկի վրա զգում է ուղղակիորեն, այլ խնդիր է, որ հանրային տոտալ անվստահությունը մարդկանց մոտ ծնել է ատելություն թանկացնողների հանդեպ և առնվազն թերահավատություն այն ուժերի նկատմամբ, որոնք խոստանում են պայքարել թանկացումների դեմ: Այս իմաստով` երկրում ստեղծվել է իրապես հեղափոխական իրավիճակ, երբ քաղաքական ողջ համակարգն օտարված է հասարակությունից: Երբ Սերժ Սարգսյանը թանկացումների դեմ խորհրդակցություն է անում, մարդիկ գիտակցում են, որ դա շատ քիչ աղերս ունի իրենց կենցաղի, կարիքների հետ և ավելի շատ տեղավորվում է 2018-ի կամ ներհամակարգային զարգացումների համատեքստում: Գլոբալ առումով` նույն անվստահությունն է ընդդիմության հանդեպ, որովհետև «Ելք»-ը, օրինակ, հասարակությանը կարող էր կոնսոլիդացնել ավելի վաղ` դեկտեմբերին, երբ խորհրդարանը փոփոխություններ էր կատարում Հարկային օրենսգրքում` ճանապարհ բացելով թանկացումների համար: Այդ ժամանակ գոնե տեսական շանս կար, որ Ազգային ժողովը կարող է տեղի տալ հանրային հուզումներին: «Ելք»-ի՝ հունվարի 19-ի օրակարգը մարդկանց մոտ հույսեր չի ծնում` այն իմաստով, որ այդ երթով հնարավոր կլինի ազդել խորհրդարանի վրա կամ հասնել Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկմանը: Ժողովուրդը հասկանում է, որ Հայաստանում թանկացումներն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ ունեն, քան հետևանք են օրենսդրական կարգավորումների: Ըստ այդմ` հասարակությունը ավելի իմաստուն է, երբ թերևս «սրանց քշելու» պրիմիտիվ ձևակերպման տեսքով պահանջում է կռիվ տալ ոչ թե հետևանքների, այլ դրանք ծնող պատճառների դեմ: Եթե ավելի ընդհանրական ձևակերպենք՝ ժողովուրդն ակնկալում է օլիգոպոլ համակարգի վերացում, հակառակ պարագայում` գերադասում է լեզու գտնել օլիգարխիայի հետ` իր համեստ «փայն» ակնկալելով: Հանրային ցանկությունների այս կոնտրաստն էլ բացահայտում է «Ելք»-ի քաղաքական փակուղին ու «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը: «Ելք»-ը հենց քաղաքական լուծումներ էլ առաջարկում է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դրանք ամբողջական չեն, հատվածական են ու չեն հանգեցնում որակական փոփոխությունների և տեղավորվում են համակարգային ստատուս-քվոյի պահպանման տրամաբանության մեջ: Հասարակությունը չի ուզում միջնորդավորված մասնակցել ներհամակարգային բազարներին, որովհետև այդ պարագայում կզրկվի համակարգի տարբեր սեգմենտներից իր «փայը» ստանալու հնարավորությունից: Այլ խոսքով` քանի դեռ «Ելք»-ը հասարակությանը չի համոզել, որ ունակ է երկրում հեղափոխություն կամ ֆորս-մաժորային վիճակ առաջացնել, մնալու է «Ծառուկյան» դաշինքի ստվերում, որը գուցե քաղաքական լուծումներ չի առաջարկում, սակայն լուծում է «սոցիալական երաշխիքների» հարց: «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը պահպանվելու է, քանի դեռ հասարակությունը չի նույնացրել «Ելք» և «իշխանափոխություն» բառերը, որովհետև ավելի քիչ է հավատում Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ խմբակցության օրենսդրական կարգավորումների հեռանկարին, քան` Ծառուկյանի առատաձեռնությանը: Հունվարի 19-ին Երևանի փողոցները չեն հեղեղվելու տասնյակ հազարավոր մարդկանցով ու ոչ այն պատճառով, որ մարդիկ թանկացումների հետ խնդիր չունեն. նրանք չեն հավատում, որ «Ելք»-ը հեղափոխություն կանի, իսկ ավանսով վստահություն տալ չեն ուզում որևէ ուժի` մտավախություններ ունենալով, որ հերթական անգամ իրենց վստահությունը խուրդվելու է ներհամակարգային բազարներում: Գուցե մեր հասարակության «հեղափոխություն կամ գործարք» դիլեման արհեստական է ու բնորոշ է լյումպեն մտածողությանը, սակայն հասարակության նման մակերեսային դատողությունների պատճառը դարձյալ ընդդիմությունն է, որն արդեն քսան տարի չի կարողանում այլընտրանք դառնալ իշխանությանը: