Հայաստանի քանի քաղաքացի է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և ինչու. մանրամասնում է ՕՎԻՐ-ի պետը

ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012թ-ից ի վեր ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 15009 անձ։ Տարբեր ժողովրդագիրներ այս տվյալների վերաբերյալ լրատվամիջոցների հետ զրույցներում կասկածներ են հայտնում՝ ասելով, որ դրանք արժանահավատ չեն և ոստիկանությունը պետք է պարզաբանում ներկայացնի  սրա հետ կապված, քանի որ նրանց համոզմամբ՝ իրականում  քաղաքացիությունից հրաժարվածների թիվը մի  քանի անգամ ավել է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության  անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը այս կապակցությամբ մանրամասնեց․ «ՀՀ  քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ  2012թ-ին դիմել է  968 քաղաքացի, 2013թ-ին՝ 1461, 2014թ-ին՝ 2407, 2015թ-ին՝ 2487, 2016թ-ին 3863, իսկ 2017թ-ին՝ 5250 քաղաքացի, ամբողջական  հանրագումարը 2012թ-ից առ այսօր  կազմում է 16 հազար 436 քաղաքացի։ Այն թյուր կարծիքը, որ կարող է անձը դիմումը փոստով ուղարկել, իրենց սեփական դիմումը հաստատել նոտարիատում՝ նոտարի կողմից հավաստել և հետո դրանք ներկայացնել այլ պետությունների իրավասու մարմինների և դրանք համարվեն պաշտոնական դադարեցման դիմումներ ՝ դա այդպես չի, այլ պաշտոնական դադարեցումները լինում են բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով»։ Մանրամասները՝ տեսանյութում։