Ռացիոնալ չենք աշխատում. այո, կա այստեղ սուբյեկտների ագահության խնդիրը

Ես հավատ չեմ տածում տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ՝ լինի Համաշխարհային բանկի, թե Հայաստանի Կենտրոնական բանկի կամ կառավարության կողմից։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ Նրա խոսքերով՝ դրանք բոլորն ունեն իրենց գերատեսչական շահերը, պետական շահերը և սուբյեկտիվ այլ շահեր. «Տեսեք, տնտեսական աճը ֆիքսվում է 3-4 տոկոսի սահմաններում։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը կարող են հավատ չներշնչել, պայմանավորված նրանով, որ դրանց հիմքում դրվում են տարբեր մեթոդաբանություններ և կարող է պատահել, որ մակարդակային առումով կանխատեսումները այլ թվեր ցույց տան, քան մենք կուզենանք»։ Վարդան Բոստանջյանը նշեց, որ Հայաստանի նման երկիրը պետք է ակնհայտորեն մեծ, բարձր տնտեսական աճ ունենա։ «Ես հասկանում եմ, որ մենք ի զորու ենք ընդհուպ մինչև երկնիշ տնտեսական աճ ունենալ։ Հայաստանը Չինաստան չէ իր ծավալային, իր տնտեսական համակարգի մեծությամբ, և ըստ էության, մենք ռացիոնալ չենք աշխատում»,- ընդգծեց Բոստանջյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։