Դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսի տոմսերը թանկացել են

Դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսի տոմսերը թանկացել են

Հունվարի 1-ից ակցիզային հարկով պայմանավորված դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի թանկացման պատճառով թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը։ Օրինակ՝ «Բուսթևել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է։ «Դե, իհարկե, վառելիքի թանկացումը պետք է ազդեր սակագնի վրա։ Նախկինում դեպի Մոսկվա տոմսն արժեր 20 հազար դրամ, հիմա տոմսն արժե 25 հազար դրամ։ Հնարավոր չէր թանկացած վառելիքի պայմաններում նախկին սակագնով աշխատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ընկերության աշխատակցուհին՝ նշելով, որ սակագնի վերանայում եղել է նաև այլ ուղղություններով։ Նշենք, որ ներկայումս «Բուսթևել» ընկերությունը, օրինակ, Դոնի Ռոստով ուղղությամբ տոմսերը վաճառում է 18-19 հազար դրամով։ Դրանք մինչ վառելիքի թանկացումն արժեին 15 հազար դրամ։ Նույնքան թանկացել են նաև Պյատիգորսկ, Արմավիր ուղղությունները։ 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը։ Այն նախկինում 20 հազար դրամ էր։ 5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժտուր» ընկերությունը։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ։ Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը։ Դեպի Ռուսաստան ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Նեոթրևել» ընկերությունը։ Աշխատակցուհին մեզ հետ զրույցում հաստատեց 5 հազար դրամով տոմսերը թանկացելու փաստը։ Դեպի Մոսկվա, Վորոնեժ ուղղությունների տոմսերն այլևս արժեն 25 հազար դրամ, Կրասնոդար, Ռոստով ուղղությունները՝ 20 հազար դրամ, դեպի Ստամբուլ ուղղությամբ տոմսն արժե 24 հազար դրամ։ Նշենք, որ միայն «Բուսվոյաժ» ընկերությունից մեզ հետ զրույցում ասացին, որ սակագների վերանայում դեռևս չի կատարվել։ Երևան-Մոսկվա ուղղությունը երկուշաբթի օրվա համար արժե 20 հազար դրամ։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն վաճառվում է 430 դրամով, դիզվառելիքը 390-ից հասել է 440 դրամի, 30-40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը: