Գները գրոհեցին. իրավիճակը հանրային առաջնագծում

Գները գրոհեցին. իրավիճակը հանրային առաջնագծում

Տարեսկզբից արձանագրված գնաճն ու դրա շարունակության միտումները Հայաստանում գեներացրին հանրային-քաղաքական ուշադրությունը տնտեսական խնդիրների և իրավիճակի վրա: Դրան անդրադառնում է ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունը: «Ելք» դաշինքը պատրաստվում է կազմակերպել բողոքի երթ, իսկ իշխանությունն էլ խոստանում է ձեռնարկել քայլեր, որոնք մեղմեն գնաճի հետևանքները կամ օգնեն սոցիալապես անապահով շերտերին: Այս ամենը մի կողմից նվազագույն մակարդակում ողջունելի է, որ ընդդիմադիր ուժը փորձում է կազմակերպել քաղաքացիների դժգոհությունն ու ճնշում բանեցնել կառավարության վրա, մյուս կողմից՝ իշխանությունն է փորձում արձագանքել և խնդիրների մասին խոսել. քայլեր ձեռնարկել գնաճի դեմ: Ում մոտ ինչ կստացվի, իհարկե, դժվար է ասել կամ հնարավոր է, սակայն այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ պարագայում ուշադրության արժանացնենք, այնուհանդերձ, մի խնդիր: Ենթադրենք չկար գնաճ, կամ գնաճը մեղմելու համար կառավարությունը ձեռնարկում է քայլեր, որոշ ապրանքատեսակների գներ նվազում են, սոցիալական որոշ հատկացումներ ավելանում են, սուբսիդավորվում են և այլն: Դարձյալ մի կողմ թողնենք անգամ լուծումների նման մեթոդների համարժեքությունն ու հեռանկարայնությունը: Ի վերջո, գնա՞ճն է Հայաստանի տնտեսական գլխավոր և առանցքային խնդիրը, սոցիալ-տնտեսական իրողությունների մեխը, թե՞ այդուհանդերձ այն, որ Հայաստանի հանրության համար տնտեսական զարգացման հեռանկարները մնում են թե՛ սահմանափակ, թե՛ մշուշոտ: Ի վերջո, եթե գները անգամ չեն աճում, բայց չեն աճում նաև տնտեսական հնարավորությունները, եկամուտները, աշխատատեղերը, բիզնես միջավայրի գրավչությունը, մրցակցությունը, ապա անգամ, այսպես ասած, ցածր գները եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու են խնդիր: Եվ ուրեմն, առավել խորքային խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակության ուշադրությունը կենտրոնացվի և կազմակերպվի հենց այդ ուղղությամբ, ըստ այդմ՝ այդ ուղղությամբ կազմակերպվի ազդեցիկ քաղաքական գործընթաց, որը կառավարությանը կդնի ոչ թե կարճաժամկետ, այսպես ասած, պոպուլիստական լուծումներ փնտրելու անհրաժեշտության առաջ, այլ կթելադրի տնտեսական քաղաքականության քայլեր, որոնք հանրության համար կստեղծեն արդեն երկարաժամկետ և կայուն հնարավորություններ: Տնտեսական խնդիրները պետք է լինեն հանրային-քաղաքական օրակարգի առաջնագծում, սակայն կարևոր է, թե այսպես ասած՝ ինչպիսի հագեցածությամբ և պատրաստվածությամբ, այսինքն՝ դրանք որքանով պետք է մարտունակ ու դիմադրունակ լինեն հեռանկարի առումով, որպեսզի կառավարությունը, իշխանությունը հնարավորություն չունենան քարոզչական էֆեկտի շնորհիվ ժամանակ շահել և ստիպված լինեն կատարել խորքային քայլեր: Վառ օրինակը թերևս Էլեկտրիկ Երևան շարժումն էր, որը կարճաժամկետ լուծման հասավ, իսկ երկարաժամկետ առումով գործնականում չփոխեց սկզբունքային ոչինչ, որովհետև դարձյալ բախվեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի համար գրեթե հավերժական դարձող խնդրին՝ առաջնահերթությունների և խնդիրների հստակ ձևակերպում և հանրայնացում, որը կառավարությանը կստիպի մտածել հասարակության հետ առավել ընդգրկուն պայմանավորվածության մասին: