88-ի շարժում-30. Զինագործ հերոսը նահատակվեց իր նախագծած նռնակի փորձարկումից

88-ի շարժում-30. Զինագործ հերոսը նահատակվեց իր նախագծած նռնակի փորձարկումից

Էդիկ Տոռոզյան` 88-ի համազգային շարժման լուսավոր կերպարներից մեկը: Նա արցախյան պատերազմի առաջին զոհն է: 35 տարեկան էր: Չամուսնացած: Նոր Հաճնի «Սապֆիր» գործարանում աշխատում էր որպես կոնստրուկտոր-ինժեներ: Էդիկին ճանաչում էին միայն նրա հարազատ քաղաքում` Նոր Հաճնում, մերձավոր ընկերական շրջապատում, ԱԻՄ-ում. նա երդվյալ անկախական էր, չէր հավատում կայսրությանը, Սովետի հումանիզմին ու ԼՂ խնդրի արդարացի լուծմանը: Նա մարդկային այն տեսակն էր, որ լուռ, նվիրումով` առանց բարձրագոչ ելույթների, ծառայում էր հայրենիքին` մարտիրոսության ճանապարհին կերտելով հայրենիքի նվիրյալի կերպարը: Սումգայիթի հայկական ջարդերը, Արցախում հաճախակիացող սադրանքները մտահոգիչ էին։ Սկսում է առարկայանալ «Սապֆիր» ԱՄ արտադրական բազայի հիման վրա զենքի արտադրություն կազմակերպելու գաղափարը: Էդիկ Տոռոզյանը 1988-ին նախագծում, ապա զինագործ ընկերների մասնակցությամբ գործարկում է պատրույգային նռնակների ընդհատակյա արտադրությունը, որի թողարկած առաջին խմբաքանակն ուղարկվում է Նախիջևանի Զնաբերդ գյուղի ինքնապաշտպանության կազմակերպիչներին: Նռնակների արտադրությանը զուգընթաց շարունակվում են նաև այլ զինատեսակների ձեռքբերման, տեղի բազայի հիման վրա նախագծման, արտադրության և փորձարկման աշխատանքները: Էդիկ Տոռոզյանը զոհվում է «կապսուլային» նռնակի հերթական փորձարկման ժամանակ: Էդիկ Տոռոզյանը նահատակվեց 1989թ-ի օգոստոսի 8-ին: Հուղարկավորության օրը հայրենի Նոր Հաճնը դարձել էր արժանապատվության ու վշտի, հաղթանակի ու ցավի յուրօրինակ ներդաշնակություն: Փառանձեմ մայրիկը` հերոսի մայրը, տարիներ առաջ հիշել է մի դրվագ որդու հուղարկավորության արարողությունից. «Բալայիս մարմինն արդեն «տանում էին», «Շողակն»-ի տնօրենը ներս մտավ, ասացի` Աշոտ Նիկիտիչ, չե՜մ ափսոսում, Ղարաբաղին մատաղ եմ արել իմ բալայիս, մենակ խնդրում եմ, բալիս գործերը շարունակեք, Ղարաբաղը փրկեք: Հիմա, Աստված մի արասցե, եթե մի բան լինի, էլի պետք կգամ, ուրիշ բան որ չէ, համով ճաշեր եմ եփում… կռվեն, նորից հաղթեն»: Նոր Հաճնի կենտրոնական փողոցը այսօր կրում է Էդիկ Տոռոզյանի անունը, սակայն արդեն 29 տարի քաղաքից բացակայում է միայն Էդիկին բնորոշ ոգին, այն կրակը, որ ծնվեց հարյուրավոր հայորդիների հոգիներում` դառնալով համազգային շարժում, Երրորդ հանրապետություն, հաղթանակ արցախյան պատերազմում: Հազար փառք, վասն հայրենյաց նահատակվածներին...