«Լուրջ կենսագրությամբ և բարձր հեղինակությամբ». Ո՞վ է լինելու Հայաստանի IV նախագահը

«Լուրջ կենսագրությամբ և բարձր հեղինակությամբ». Ո՞վ է լինելու Հայաստանի IV նախագահը

Երեկ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից սկսելու են Հայաստանի նախագահի թեկնածուի շուրջ ներկուսակցական քննարկումները: ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրելու են թեկնածուի, ով կունենա լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն: Հայաստանում լուրջ կենսագրություն ունենալը հարաբերական հասկացություն է, որովհետև նույնանում է բացառապես պետական ծառայության հետ, որտեղ մարդիկ նշանակվում են ամենևին էլ ոչ իրենց մասնագիտական կամ բարոյական հատկանիշների շնորհիվ: Ինչ վերաբերում է բարձր հեղինակությանը, ապա Հայաստանում հազիվ թե գտնվի այդպիսի որակ ունեցող գործիչ, ով առնչություն ունի այսօրվա իշխանության հետ: Մյուս կողմից` հեղինակավոր որևէ գործիչ անհարմար կզգա նախագահ ընտրվել խորհրդարանական այսօրվա գորշ մեծամասնության կողմից, առավել ևս` նախագահի պաշտոնը զբաղեցնել գործող քրեա-օլիգարխիկ համակարգում` հատկապես, որ խորհրդարանական կառավարման պարագայում նախագահի պաշտոնն արարողակարգային է և լուրջ ազդեցություն չունի երկրում որակապես նոր վիճակ ձևավորելու հարցում: Այնուամենայնիվ, Շարմազանովի ասածները հարաբերականորեն համարենք որպես նշաձող և անդրադառնանք նախագահի հնարավոր թեկնածուներին: ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մամուլում ամենից շատը քննարկվել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, մանավանդ, որ մարտի 23-ին նա բոլորում է իր 70-ամյակը ու պետք է հրաժեշտ տա այսօրվա պաշտոնին: Սակայն միայն այդ հանգամանքը չէ, որ խոսում է Հարությունյանի օգտին: Ավելի կարևոր է այն փաստը, որ բոլոր երեք նախագահների պաշտոնավարման շրջանում Գագիկ Հարությունյանը եղել է իշխանության օլիմպոսում, սակայն հակադրության մեջ չէ համակարգի որևէ սեգմենտի հետ: Հայաստանի իշխանության էլիտայում դժվար է գտնել ավելի կոմպրոմիսային ֆիգուր, քան` Գագիկ Հարությունյանն է: Ընդ որում` եթե խնդիրը դիտարկենք անգամ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան իրական կամ մտացածին հակադրության ֆոնին, ապա Հարությունյանի ֆիգուրը ձեռնտու է թե՛ Սարգսյանի, թե՛ Կարապետյանի համար: Գագիկ Հարությունյանը բազմիցս է դրսևորել իր հավատարմությունը Հայաստանի գործող նախագահի հանդեպ, իսկ Կարապետյանի հետ Հարությունյանների ընտանիքին կապում են խնամիական հարաբերությունները (Կարեն Կարապետյանի դուստրը Գագիկ Հարությունյանի եղբոր հարսն է): Սակայն վերջերս Գագիկ Հարությունյանը շատերի համար անակնկալ հայտարարեց, թե նախագահ դառնալու մտադրություն չունի: Հարցին, թե ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն դիտարկո՞ւմ է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանել է. «Գագիկ Հարությունյանը հերքել է, որ նման ցանկություն ունի, իսկ մենք հարգում ենք նրա որոշումը»։ Կարելի է ենթադրել, որ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը դուրս է եկել օրակարգից: Կամ Սերժ Սարգսյանը Հարությունյանին չափազանց ինքնուրույն է համարում և կասկածներ ունի նրա հավատարմության վրա այն պարագայում, երբ գործող նախագահը ֆորմալ ստատուս չի ունենա նոր իշխանության մեջ, կամ էլ` Հարությունյանի համար իսկապես նախատեսվել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը: ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ Հայաստանի ԱԳ գործող նախարարը համարվում է ապագա նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը, մանավանդ, որ ֆորմալ առումով համապատասխանում է սահմանադրական պահանջներին, չի անդամակցում կամ նույնանում որևէ կուսակցության հետ: Բացի այդ` Նալբանդյանը կարգապահ կատարող է, այսինքն` կերպարային առումով ամբողջովին բավարարում է Սերժ Սարգսյանի չափանիշներին ու նաև որոշակի ընկալում ունի միջազգային կառույցներում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԱԳ նախարարի պաշտոնում Նալբանդյանը «հոգնած» է և ակնհայտորեն փոխարինման կարիք ունի` հատկապես, որ չի տեղավորվում նոր իշխանության մասին Սերժ Սարգսյանի պատկերացումներում: Էդվարդ Նալբանդյանի նախագահական հեռանկարին խանգարում է այն հանգամանքը, որ նրա նշանակումով Սերժ Սարգսյանը չի կարողանում լուծել որևէ համակարգային կամ քաղաքական խնդիր: ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ Արդեն ունենք նախադեպ, որ ԼՂՀ նախկին նախագահը դառնում է Հայաստանի ղեկավար: Ռոբերտ Քոչարյանի նախադեպը ոչ մի լավ բան չտվեց Հայաստանին, սակայն ներհայկական հարաբերություններում և միջազգային ձևաչափերում էապես հարվածեց Ղարաբաղի սուբյեկտությանը: Այս խնդիրները, սակայն, Սերժ Սարգսյանին բացարձակապես չեն հուզում, և Արկադի Ղուկասյանի թեկնածությունը կարող է լրջորեն քննարկվել` որպես փոխհատուցում ԼՂՀ նախագահի պաշտոնին վերադառնալու նրա անհագ ցանկության: Իսկ որ Ղուկասյանը նման ցանկություն ունի ԼՂՀ 2020թ-ի նախագահական ընտրությունների կտրվածքով` չի թաքցրել անգամ անցած տարվա սեպտեմբերի 2-ին «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում: Սակայն Սերժ Սարգսյանը կարող է և նպատակահարմար չհամարել Արկադի Ղուկասյանի թեկնածությունը: Նախ` նա զուրկ է որևէ խարիզմայից, բացի այդ` Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին գոնե արտաքուստ տեղի է ունենում իշխանության «դեղարաբաղիզացիա»: Սա այն կարևոր գործոններից մեկն է, որի շնորհիվ Սերժ Սարգսյանը փորձում է տարբերվել Ռոբերտ Քոչարյանից: ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ Գուցե պարադոքսալ թվա, բայց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս պահին նախագահի ամենահավանական թեկնածուն է` հենց Շարմազանովի ներկայացրած չափանիշների համատեքստում: Նախ` Մանուկյանն ինտեգրված չէ գործող համակարգին և նրա նախագահությունը չի կարող ուժեղացնել կամ թուլացնել համակարգի սեգմենտներից որևէ մեկին: Մյուս կողմից` Մանուկյանը, ինչքան էլ տարօրինակ է, այսօրվա` Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ծնունդ համակարգի հիմնական «գաղափարախոսն» է, որովհետև առաջինը Վազգեն Մանուկյանը ահաբեկիչներին «կնքեց» «ռոմանտիկ» բառով` բացառելով կազմակերպիչների վարկածը: Մյուս կողմից` համակարգը Վազգեն Մանուկյանին պարտք է 1996-ի նախագահական ընտրությունների համար: Սերժ Սարգսյանը` իր և Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից Վազգեն Մանուկյանին կարող է վերադարձնել այդ պարտքը` նրա մոտ վերացնելով 96-ի բարդույթը: Իհարկե, Սերժ Սարգսյանը նաև անձնական պարտք ունի Վազգեն Մանուկյանին` 2008-ի նախագահական ընտրություններում նրա «ճիշտ» պահվածքի համար: Այս պահին չկա որևէ տեսանելի պատճառ, որը կարող է խոցելի դարձնել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, մանավանդ, որ Սերժ Սարգսյանը խնդիր ունի ցույց տալ, որ իր շրջապատը բաղկացած չէ միայն հաստավիզ օլիգարխներից, օդիոզ երկրապահներից ու նժդեհացած կոմսոմոլներից: