Մամիկոն Ասլանյանին միջնորդագիր է ներկայացվել շուրջօրյա հսկողություն սահմանել Վանաձորի հանրակացարանի որոշ բնակիչների նկատմամբ

Մամիկոն Ասլանյանին միջնորդագիր է ներկայացվել շուրջօրյա հսկողություն սահմանել Վանաձորի հանրակացարանի որոշ բնակիչների նկատմամբ

2018 թվականի հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1988 թվականին ծնված Արտյոմ Հմայակի Խեչոյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից: Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված հանրակացարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացուն դանակի հարվածները հասցրել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ծ.-ն՝ պատճառել մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի: 2018 թ. հունվարի 9-ին՝ մեկ անձ ձերբակալվել է և ցուցմունք տվել որպես կասկածյալ, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության տակ գտնվող առանձին նյութերի և քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գտնվող Երևանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Դրանով պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման և հանցագործության փաստեր: Նկատի ունենալով, որ հանրակացարանը նաև հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ և ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը: