Սա «Ելք»-ի հարսանիքը չէ, սա քաղաքացիների պայքարն է

Երբ մենք անցնում ենք խորհրդարանական կառավարման, որևէ մեկն իրավունք չունի գոհ կամ դժգոհ լինել Ազգային ժողովից, որովհետև Ազգային ժողովը չունի այլևս վերադաս կառույց, և բոլոր կառույցները պետք է փորձեն հակակշռել խորհրդարանին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի և ԱԺ ղեկավար կազմի հանդիպմանը և Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե գոհ է ԱԺ աշխատանքից։ Նրա խոսքերով՝ խորհրդարանական կառավարման ամբողջ իմաստն ու տրամաբանությունը դրանում է. «Երբ ժամանակին Սերժ Սարգսյանը խոսում էր խորհրդարանական երկիր կառուցելու մասին, խոսում էր հենց այդ շեշտադրումներով, որ պետք է այդպես լինի, որ չպետք է այնպես լինի, որ որևէ մեկը զանգի սրան կամ նրան, ինչ-որ բաներ թելադրի ու հրամայի։ Փաստացի դա հիմա գիտակցում է միայն «Ելք»-ը, որովհետև մնացած բոլորը պատրաստակամ, մեկ մարդու զանգով վազեցին այնտեղ, թեև ԱԺ-ն է արդեն նոր Սահմանադրությամբ երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը և այստեղ պետք է կատարվեն բոլոր քաղաքական պրոցեսները»,- ասաց Գորգիսյանը։ Դիտարկմանը, թե գուցե ապրիլից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի խորհրդարանական կառավարման, այդ ժամանակ ԱԺ պատգամավորները գիտակցեն, որ հենց խորհրդարանն է թիվ մեկ մարմինը Հայաստանում, «Ելք»-ի պատգամավորն ասաց. «Այս ամենը տեսնելով, ես կարծում եմ, որ Հայաստանը երբեք չի անցնի խորհրդարանական համակարգի։ Մենք գերնախագահականից գնում ենք գերվարչապետական կառավարման և նոր օրենքներով էլ, որ գալիս են, շատ լուրջ լիազորություններ են վերապահված վարչապետին, և խորհրդարանի դերը չի լինելու այն, ինչ պիտի լինի Սահմանադրությամբ»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: