Իրանի միջուկային համաձայնագիրը մնալու է ուժի մեջ, նույնիսկ եթե Թրամփը դեմ է դրան

Իրանի միջուկային համաձայնագիրը մնալու է ուժի մեջ, նույնիսկ եթե Թրամփը դեմ է դրան

Ամերիկյան լրատվամիջոցներն այս շաբաթ գրում էին, որ նախագահ Թրամփը ուրբաթ օրը հայտարարություն է անելու «6+1» ձևաչափով Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի մասին: Ավելի հավանական էր գնահատվում այն տարբերակը, որ Սպիտակ տան ղեկավարը, որքան էլ մեղադրում է Իրանին համաձայնագրի կետերը խախտելու մեջ, այնուամենայնիվ առայժմ ուժի մեջ կթողնի այն: Խոսքն, ավելի ճիշտ, ոչ թե համաձայնագիրը չեղարկելու մասին է, քանի որ դա բազմակողմ փաստաթուղթ է, այլ այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը կպահպանի իր հանձնառությունները միջուկային գործարքին: Եվ ահա այսօր Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված իր աղբյուրները, գրել է, որ նախագահ Թրամփը հինգշաբթի օրը՝ ազգային անվտանգության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդաժողովից հետո, որոշում է կայացրել 120 օրով երկարաձգելու Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը: Նշվում է, թե պատժամիջոցների կասեցման ժամկետի երկարաձգումը ուժի մեջ կթողնի միջուկային համաձայնագիրը և ժամանակ կտա Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ նոր սահմանափակումներ նախապատրաստելու Իրանի նկատմամբ: Ի՞նչ է ի վերջո պատրաստվում անել ԱՄՆ-ի նախագահը, պատրաստվո՞ւմ է արդյոք դադարեցնել Միացյալ Նահանգների մասնակցությունը միջուկային համաձայնագրին և արդյոք դա իր լիազորությունների տիրույթո՞ւմ է: Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ասելով, թե վերջին լուրը ցույց է տալիս, որ փաստորեն Սպիտակ տունը վերջնական որոշում չունի խնդրի վերաբերյալ: Ըստ 2015 թ. ընդունված Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ օրենքի, երկրի նախագահը պարբերաբար, սահմանված որոշակի ժամկետում պետք է տեղեկացնի Կոնգրեսին համաձայնագրի կատարման ընթացքի մասին, կամ ինչպես ամերիկացիներն են ասում՝  «հաստատում» (certification) ներկայացնի՝ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, թե ոչ: Ամիսներ առաջ՝ նախորդ տարվա հոկտեմբերին, Թրամփը տեղեկացրել էր Կոնգրեսին, թե Իրանը ամբողջությամբ չի կատարում համաձայնագիրը՝ ասելով, որ ինքը չի ներկայացնի «հաստատում» Կոնգրեսին: «Առաջին լրատվական»-ի խնդրանքով հարցը պարզաբանել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի հայտարարել, թե մտադիր է դադարեցնել իր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին, և շարունակում է հետամուտ լինել իր ստանձնած պարտավորություններին: Խնդիրն այն է, որ նախագահը դժգոհ է Իրանի գործողություններից: Դա է պատճառը, որ նա չի ներկայացրել օրենքով սահմանված հաստատումը, իսկ այդ օրենքի պահանջի կատարումը «ներպետական տիրույթի հարց է և Իրանի միջուկային համաձայնագրի մաս չի հանդիսանում, ուստի դա ավտոմատ կերպով չի հանգեցնի պատժամիջոցների վերականգնման»: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ Թրամփն այդ քայլով, ըստ էության, փորձել էր պատասխանատվությունը գցել Կոնգրեսի վրա, որովհետև փաստաթուղթը, մեծ հաշվով, ընդունվել է Կոնգրեսի կողմից: «Հիմա Թրամփը նույն բանն է անում. փորձում է ժամանակ շահել՝ հասկանալու համար թե ինչ պետք է անի այս ուղղությամբ, և ինչպես պիտի զարգանան հարաբերությունները Իրանի հետ: Հաշվի առնենք, որ վերջին օրերին եվրոպացի գործընկերները լուրջ ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա: Եվրամիությունը պնդում է, որ Իրանը որևէ խախտում չի արել այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների մասով: Պետք է նշել, որ միջուկային համաձայնագրի մյուս բոլոր կողմերը՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, պնդում են որ Իրանի կողմից խախտումներ չեն եղել»,- մեկնաբանեց փորձագետը: Պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը որոշակի իրավական ընթացակարգ է պահանջում. նախագահը միայնակ չի կարող նման որոշում կայացնել, այդ որոշումը պետք է համաձայնեցված լինի Կոնգրեսի հետ: Բայց եթե Միացյալ Նահանգները նման հայտարարություն անի, կստացվի, որ ինքն է առաջինը խախտել համաձայնագիրը, իսկ այդ դեպքում Իրանը կարող է շարունակել զարգացնել իր միջուկային ծրագիրը առանց վերահսկողության: Հետևաբար, ամերիկյան վարչակազմը ճիշտ է կողմնորոշվել՝ մի քանի ամսով երկարաձգելով պատժամիջոցների սառեցումը: «Պետք է որոշ ժամանակ էլ սպասենք, տեսնենք, թե ինչ քննարկումներ կլինեն Կոնգրեսում այս հարցի շուրջ, բայց ես հակված եմ կարծելու, որ Կոնգրեսը որևէ փոփոխություն չի անելու, և համաձայնագիրը մնալու է ուժի մեջ, նույնիսկ եթե Թրամփը կողմ չէ դրան: Պետք է հաշվի առնել նաև ներքաղաքական գործընթացները Միացյալ Նահանգներում: Կարծում եմ՝ Թրամփը հայտարարելու է, թե Իրանը խախտում է համաձայնագիրը, և նորից Կոնգրեսին կոչ է անելու չեղարկել այն՝ այդպիսով պատասխանատվությունը կրկին գցելով Կոնգրեսի վրա»,- բացատրեց Սուրեն Սարգսյանը: