Հնարավոր է՝ զանգվածային պայքար․ Աջ ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը փոխանցեցին իրենց առաջարկները

Աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները կառավարությանը հանձնեցին իրենց առաջարկները` կապված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելելու որոշման հետ: Կառավարության դիմաց հավաքված վարորդները իրենց դժգոհությունը հայտնեցին, որ կառավարությունն արդեն ընդունել է աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն ապրիլի 1-ից արգելելու մասին որոշումը այն դեպքում, երբ իրենք կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ պայմանավորվածություն էին ձեռք բերել իրենց առաջարկները ներկայացնելու վերաբերյալ: «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ Արա Մելիքջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պայմանավորվել էին, որ հունվարի 12-ին կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկները, իսկ հավաքի հիմնական նպատակն այդ առաջարկները կառավարությանը փոխանցելն է: «Մենք հունվարի 8-ին հանդիպում ունեցանք կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցչի հետ, ով մեզ հայտնեց, որ վերահաշվառման արգելքը նախագծից հանվել է: Դրանից հետո նա մեզ փոխանցեց, որ վերահաշվառման արգելքը հանելուց հետո պատրաստ են լսել մեր առաջարկները մյուս խնդիրների վերաբերյալ: Մենք դա ֆիքսել ենք և պատրաստակամություն ենք հայտնել շարունակել աշխատանքները: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ հունվարի 12-ին հավաքվելու ենք կառավարության մոտ և ներկայացնել մեր առաջարկները: Երեկ մենք ականատես եղանք, որ կառավարության նիստում նախարարը որոշումը ներկայացրել է կառավարության քննարկմանը, որն ընդունվել է: Սա բոլորիս համար անակնկալ էր»,- ասաց Մելիքջանյանը: Նա նշեց, որ իրենց առաջարկները գրավոր բերել են և ներկայացնելու են կառավարություն, իսկ իրենց հետագա գործողությունները պայմանավորված կլինեն նրանով, թե կառավարությունն ինչպես կարձագանքի այդ առաջարկներին: Կառավարության դիմաց հավաքված վարորդներին մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում վարորդները փոխանցեցին իրենց գրավոր առաջարկները: Վարորդները նշեցին, որ նույն առաջարկները փոխանցելու են նաև ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ: