Ինչ աշխատանքներ է տանում «անգործության մատնված» ՄԻՊ-ը «Սասնա ծռերի» հացադուլի մասով

«Հացադուլ հայտարարելու առաջին իսկ պահից անընդհատ այցեր են իրականացվել ՔԿՀ։ Բացի այդ, պահանջներ են ներկայացվել և՛ արդարադատության նախարարություն, և՛ քրեակատարողական վարչություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց  ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր»-ի  անդամներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հայտարարած հացադուլին և իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինքն անգործության է մատնված։ ՄԻՊ-ը նշեց, որ հիմա իրենք աշխատում են երկու հիմնական ուղղությամբ՝ հացադուլավորների պահանջի բավարարման և նրանց առողջական վիճակի ուղղությամբ, որպեզի ՔԿՀ-ում նրանց նկատմամբ ցուցաբերվի  բժշկական տեսանկյունից պատշաճ վերաբերմունք։ Ինչ վերաբերում է  հացադուլավորների պահանջի քննարկմանը, ապա ՄԻՊ-ը նշեց, որ ինքն իր իրավասության շրջանակներում կատարել է ամեն ինչ, գրություններ է ուղարկել ՔԿ վարչություն։ Այսօր այդ հարցը կրկին գրավոր և բանավոր տարբերակով բարձրացվել է համապատասխան մարմինների առաջ։ «Ես ուզում եմ նշել, որ ՄԻՊ լիազորությունները առավելագույնս գործադրվում են»,- ասաց Թաթոյանը։ Օմբուդսմենը նշեց, որ երեկ գիշերը, այսօր ևս ՄԻՊ աշխատանքային խումբը չհայտարարված այցեր է կատարում երկու հացադուլավորներին։ Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը արդեն 20 օրից ավելի է՝ գտնվում են հացադուլի մեջ՝ պահանջելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։   Մանրամասները՝ տեսանյութում։