Ինչու է Մխիթարյանը մրցակցությունից դուրս. Որ մարզաձևերն են մեր երկրում մասսայական

Ինչու է Մխիթարյանը մրցակցությունից դուրս. Որ մարզաձևերն են մեր երկրում մասսայական

2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունները քննարկման լայն առարկա դարձան: Շատերն այն կարծիքին են, որ ազգաբնակչության շրջանում sms քվեարկությունն այնքան էլ արդար չէ: Քվեարկության վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտեց նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը: «Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Երևի թե սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է՝ արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք աշխարհի 20 մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում»,- ասել էր Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ մարզական լրագրողների և հասարակության շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով՝ 2017 թվականի լավագույն մարզիկ էր ճանաչվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս sms քվեարկությունում հաղթել էր ձայների ճնշող մեծամասնությամբ: 10 լավագույն մարզիկներից զատ՝ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե որոնք են ամենատարածված մարզաձևերը հանրապետությունում: Այդ հարցում պատկերը զգալիորեն հստակեցնում է Google-ի որոնողական համակարգը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե Հայաստանում որ մարզաձևերի նկատմամբ է ամենամեծ հետաքրքրությունն ազգաբնակչության կողմից: Google.am-ի որոնողական համակարգը տալիս է նման տվյալներ մարզաձևերի հիշատակումների վերաբերյալ. 1. Ֆուտբոլ – 2.100.000 հիշատակում 2. Շախմատ – 1.380.000 3. Բասկետբոլ – 419.000 4. Թենիս (մեծ և սեղանի) – 389.000 5. Բռնցքամարտ – 316.000 6. Ըմբշամարտ – 232.000 7. Լող – 214.000 8. Հոկեյ (տափօղակով և խոտի միասին) – 188.000 9. Ծանրամարտ- 185.000 10. Գեղասահք- 128.000 Մյուս մարզաձևերը հիշատակվել են 100 հազարից քիչ: Ու փաստորեն Google.am-ի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր հասարակության շրջանում ֆուտբոլը և Հենրիխ Մխիթարյանը մրցակցությունից դուրս են: Կարելի է ասել, որ Google.am-ը ըստ էության արտացոլում է 10 մարզիկների լավագույն եռյակը: Հիշեցնենք, որ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Արթուր Ալեքսանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Լևոն Արոնյանը: Google.am-ի արդյունքներով՝ 3-րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցրած բասկետբոլը և թենիսը 10 լավագույն մարզիկների քվեարկությունում ներկայացուցիչներ չեն ունեցել: Վիճակագրական այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հասարակության կողմից մեծ է հետաքրքրությունը թիմային և խաղային մարզաձևերի նկատմամբ: Մատների վրա կարելի է հաշվել, թե տարվա կտրվածքով քանի անգամ մարզասերը կարող է ներկա գտնվել թիմային ուշագրավ հանդիպման՝ երկրպագելով իր սիրելի ակումբին: Թերևս ֆուտբոլի ազգային թիմն է, որ Երևանում անցկացնելով 5-8 հանդիպում՝ մարզադաշտ է բերում միջինը 10 հազար մարզասերների: Վերջին տասը տարիների ընթացքում թիմային մարզաձևերից հասարակության շրջանում ուշադրության են արժանացել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի «Հատիս» և «Ուրարտու» ակումբները ու հոկեյի ազգային հավաքականը, որը Մարզահամերգային համալիրում մասնակցեց ընտրական մրցաշարի: 2017 թվականին բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթը կտրուկ փոխեց իրավիճակն ու ուղղակի բում առաջացրեց: Մեր հավաքականը, մասնակցելով աշխարհի առաջնության ընտրական փուլին, Երևանում տպավորիչ հաղթանակներ տոնեց՝ առավելության հասնելով Սլովակիայի և Շվեդիայի հավաքականների նկատմամբ: Հավանաբար սա է պատճառը, որ լավագույն տասնյակում տեղ են գտել նաև բասկետբոլն ու հոկեյը: Եթե հոկեյը Հայաստանում երբեք մասսայականություն չի վայելել, ապա բասկետբոլը կարելի է համարել հեռանկար ունեցող սպորտաձև, ինչի ապացույցը ազգային և տարբեր տարիքային հավաքականների բավական հաջող ելույթներն են միջազգային ասպարեզում: Լուրջ ներդրումների և ուշադրության դեպքում բասկետբոլը կարող է ավելի պատկառելի հաջողություններ ունենալ Հայաստանում: Ինչ վերաբերում է բռնցքամարտին, ըմբշամարտին և ծանրամարտին, ապա այս մարզաձևերը մեր երկրում միշտ եղել են առաջատար դիրքերում, և միջազգային ասպարեզում մեդալներ ունեցել ենք հիմնականում հենց թվարկված մարզաձևերի ներկայացուցիչների շնորհիվ: Նախորդ տարի ըմբշամարտում ունեցանք երկու աշխարհի չեմպիոն, ինչը փայլուն հաջողություն էր: Հաջողություն ունեցանք նաև բռնցքամարտում և ծանրամարտում: