Հայագիտությունը մի քանի տագնապներ ունի. Հայկազյան համալսարանի «Սփյուռք» կենտրոնի տնօրեն

Հայագիտությունն այսօր մի քանի տագնապներ ունի: Նախ, հայագիտությունը պետք է այժմեականանա, այն իմաստով, որ նյութերը պետք է այսօրվա խնդիրներին առնչվեն: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը: Նրա խոսքերով՝ հայագիտությունը դասական բանասիրությունը չէ, ոչ էլ դասական պատմագրությունը. «Այսօր խնդիրներ կան, որոնք առնչվում են ժողովրդագրությանը, ինքնությանը, տնտեսությանը, գիտության տարբեր ոլորտներին ու մակարդակներին, դպրոցական ցանցերին, վարչակառավարմանը: Այս բոլորը այժմեական նյութեր են, և ինձ թվում է, որ հայ քաղաքացին այս նյութերով ավելի շատ կհետաքրքրվի»,- ասաց Անդրանիկ Դաքեսյանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, վերաբերում է հայագիտական հոդվածների բնույթին ու նպատակին։ «Ընդհանրապես հայագիտական հոդվածների 80 տոկոսից ավելին տեղեկատվական և փաստագրական նյութեր են: Ասենք՝ Բեյրութում 1924-ին այսինչ թերթը լույս է տեսել և նման բովանդակություն է ունեցել: Կարծում եմ, պետք է դրանից առաջ անցնել: Պետք է ասենք՝ նշել, թե այդ թերթը, որ 1924-ին Բեյրութում լույս է տեսել, ինչու է լույս տեսել, ինչ նպատակ էր հետապնդում: Բացի դրանից, այդ ամենից պետք է տեսական հետևություններ անել: Ասել՝ այս պայմաններում այսպիսի թերթեր լույս կտեսնեն: Հետևաբար, տեսական բաժինը շատ կարևոր է»:   Ամբողջությամբ՝ տեսանյութում: