Ադրբեջանա-ռուսական առևտրի ֆոնին չկա պատճառ՝ ինչու պետք է Մոսկվան պաշտպանի հայերին

Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակը ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու այլ ձևաչափ չի կարող ձևավորել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: «ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն զիջի այդ նախաձեռնությունը, անգամ եթե ՌԴ-ն ակտիվանում է նրանք հակակշիռ քայլեր են ձեռնարկում: Բացի այդ, Արցախի հակամարտությունը այն միակ հարթակն է մնացել ՌԴ-ի համար, որով նա ԱՄՆ հետ միասնական խնդիրներ է լուծում»,-նշեց Ա. Պապյանը: Քաղաքագետը Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ կարգավորման հարցում իրատեսական չի համարում. «Ռուսների և թուրքերի մերձեցումը պատմականորեն բացասական հետևանքներ է ունեցել  մեզ համար և կարող է կրկին ունենալ: ՌԴ-ն շահագրգռված է, որ նախկին Սովետական միության տարածքում լինեն որոշակի հակամարտություններ, որոնց վրա ինքը կունենա մեծ ազդեցություն, իսկ ադրբեջանա-ռուսական առևտրի ֆոնին չկան նախադրյալներ և չկան պատճառներ՝ ինչու պետք է Մոսկվան պաշտպանի հայերին»: