88-ի շարժում-30. Շարժման «Գարունը». Վանոյի ու Վազգենի ֆենոմենը

88-ի շարժում-30. Շարժման «Գարունը». Վանոյի ու Վազգենի ֆենոմենը

Երևանում 1967թ-ից լույսընծայվող «Գարուն» ամսագիրը Խորհրդային Հայաստանում սիրվածներից մեկն էր ազատական հայացքներ, մտածողություն ունեցող մտավորականների կողմից: Ինչ-որ իմաստով «Գարունը» նոր խոսքի, նոր մտածողության ձևավորման հարթակ էր, որտեղ տաղանդավոր գրիչները կարողանում էին ինքնադրսևորվել «իզմ»-երից ու գաղափարական կաղապարներից դուրս` սովետական Հայաստանում ձևավավորելով քաղաքացիական հայացք: «Գարունը» ավելի սիրված ու պոպուլյար դարձավ համազգային շարժման տարիներին` ոչ միայն այն պատճառով, որ 88-ի շունչը նոր թարմություն էր հաղորդել ամսագրին, այլ նաև այն հանգամանքով պայմանավորված, որ «Գարունի» երկու հեղինակներ, տաղանդավոր գրողներ Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը դարձան 88-ի շարժման ականավոր գործիչներ, որոնց նվիրումը, խենթությունը, ինքնատիպ հայրենասիրությունը շատ դեպքերում բեկումնային դարձավ համազգային պայքարի, Երրորդ հանրապետության համար: Նույն ակունքից շարժում եկած Վանոյի ու Վազգենի առաքելությունը տարբեր եղավ շարժման տարիներին: Վանո Սիրադեղյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկն էր, երևանյան խոսքով ու կոլորիտով օժտված գործիչ, որի խոսքը գերում էր Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդկանց: Վազգեն Սարգսյանը հայկական ոգու նոր դրսևորումն էր, ով 1989թ-ի Երասխի ճակատամարտից սկսած` դարձավ մեր պատմության հերոսական էջերից մեկի խորհրդանիշը: Եթե չլիներ Վանոյի խենթությունը, 88-ի շարժումը զրկված կլիներ ոգեղեն, բարոյական շատ կարևոր բաղադիրիչից: Եթե չլիներ Վազգենի խենթությունը, երկրապահությունը չէր դառնա կազմակերպված բանակ: «Գարունի» տաղանդավոր գրողները դարձան ղարաբաղյան հաղթական պատերազմի կարևոր ճարտարապետները, որովհետև պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը` զինակիցների հետ միասին, առաջնագծում կերտում էր հաղթանակը, իսկ դրա ապահով թիկունքն ապահովում էր Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Վազգենն ու Վանոն կերպարով նման մարդիկ են. նրանց հանդեպ անտարբեր լինել հնարավոր չէ, նրանց սիրում են կամ ատում, գեղեցիկի ընկալում ունեցողը գնահատում է նրանց տաղանդավոր գրիչը, քաղքենին նրանց մեջ տեսնում է դեսպոտիզմ, անգամ` վայրենություն: Հայաստանը գրեթե միաժամանակ կորցրեց Վազգեն Սարգսյանին ու Վանո Սիրադեղյանին: Հայաստանում հաստատվում էր Ռոբերտ Քոչարյանի արյունոտ իշխանությունը, որը վերջնականապես հաստատվեց Հոկտեմբերի 27-ով` Վազգեն Սարգսյանի ու մյուսների դիակների, Երրորդ հանրապետության կործանման գնով: Հոկտեմբերի 27-ից հետո Վանոն հեռացավ Հայաստանից` Վազգենի կորստի ցավը չմարսած, Քոչարյանի իշխանության հերթական դավադիր գնդակի թիրախը դառնալու հեռանկարը կանխելով: Լավագույն տղերքը հեռանում էին` ասպարեզը թողնելով 88-ի արժեքները հոշոտող ուժերին...