Մեր խանութներում շուտով կտեսնենք ռուսական և բելառուսական բանջարեղեն. Հայաստանը կկորցնի տեղական և դրսի շուկաները

Մեր խանութներում շուտով կտեսնենք ռուսական և բելառուսական բանջարեղեն. Հայաստանը կկորցնի տեղական և դրսի շուկաները

2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով: Իսկ դա նշանակում է, որ դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել: Այս փաստն արդեն տագնապ է առաջացրել գյուղացիների մոտ, քանի որ մոտավոր հաշվարկներով գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի։ Կառավարությունն էլ 2018-ի համար հրաժարվել է վառելիքի, ինչպես նաև պարարտանյութերի սուբսիդավորումից։ Այդ ուղղությամբ կառավարության սուբսիդավորումը ուղղվելու է կարկտապաշտպան կայաններ կառուցելու, հզորացնելու ուղղությամբ։ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ դիզվառելիքի թանկացումը կարող է շատ լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության վրա։ Արդյունքում մենք կկորցնեք մեր շուկան, իսկ արտադրված մթերքները այլևս մրցունակ չեն լինի։ «Սուբսիդավորումը աշխարհի բոլոր երկրներում շատ լուրջ դեր է խաղում։ Այն մեղմացնում է և՛ վառելիքի գինը, և՛ պարարտանյութի գինը։ Համեմատեք ռուս ֆերմերներին և հայ ֆերմերներին։ Ռուս ֆերմերները մի քանի անգամ շահեկան վիճակում են։ Ցորենի 1 կգ-ն ռուս ֆերմերի վրա 2 անգամ ավելի էժան է նստում, քան մեր ֆերմերների վրա։ Այն ամենը, ինչ Ռուսաստանը տալիս է իր ֆերմերին, Հայաստանի ֆերմերի համար երազանք է։ Նույնն էլ անում է Վրաստանը։ Սուբսիդավորումը ամբողջ աշխարհի գյուղատնտեսության խթանիչ ուժերից մեկն է։ Թուրքմենիայում գազը, վառելիքը անվճար է տրամադրվում ֆերմերներին։ Բուլղարիայում ֆերմերը 1 հեկտարի հաշվարկով 500 եվրո փող է ստանում պետությունից»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանը ցանկանում է զարգացնել գյուղատնտեսությունը, ապա պետք է գնա սուբսիդավորման ճանապարհով։ Իսկ եթե սուբսիդավորում չլինի, դրան զուգահեռ դիզվառելիքը թանկանա, ապա մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է լինելու, հետևաբար՝ նաև ոչ մրցունակ։ «Մի զարմացեք, որ շուտով Ռուսաստանի արտադրած բանջարեղենը մենք կտեսնեք Հայաստանի խանութներում։ Թանկացումը և սուբսիդավորման բացակայությունը կարող է հանգեցնել հենց նման հետևանքների։ Ինքնարժեքի հարց է։ Այս տարի ես մեր սուպերմարկետներիում աստրախանյան ձմերուկ տեսա։ Այս տենդենցը կշարունակվի, որովհետև Հայաստանում և՛ պարարտանյութն է թանկ, և՛ ոռոգման համակարգի ջուրը»,- ընդգծեց Բերբերյանը։ Արտադրանքի ինքնարժեքի բարձրացումից և դրսի շուկան կորցնելուց զատ, մեր զրուցակցի խոսքերով, մենք կկորցնեք նաև մեր ներքին շուկան՝ այն զիջելով պարսիկներին, ռուսներին, բելառուսներին։ «Պատահական չէ, որ Բելառուսն այսօր ոգևորված ուզում է Հայաստանին կարտոֆիլի տնկանյութ վաճառի այն դեպքում, երբ կարտոֆիլի հիմնական հիվանդությունները սովետական տարիներից գալիս են Ռուսաստանից և Բելառուսից։ Այսինքն՝ հիմա էլ Բելառուսը հողերը վարակելու առիթ է ստեղծում, որը կբերի նրան, որ մեր մոտ հողերը կվարակվեն, և մենք արտահանման մասին կմոռանանք»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անտրամաբանական է մեր կառավարության գործելաոճը։ «Օրը ցերեկով մեր շուկան տալ Ռուսաստանին կամ Բելառուսին, անբարոյականություն է»,- ասաց մեր զրուցակիցը։