Կապիտալի «մեծ գա՞ղթ», թե՞ «ներգաղթ» Հայաստանում

Կապիտալի «մեծ գա՞ղթ», թե՞ «ներգաղթ» Հայաստանում

Երեկ հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հայ մեծահարուստ Կամո Ավագումյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտֆուդ» ընկերության 75 տոկոսը, այսինքն՝ ընկերությունն այլևս պատկանում է ռուսաստանցի հայ մեծահարուստի սեփականությունը հանդիսացող «Էմ ԲԻ Կապիտալ» ընկերությանը: Կլինե՞ր նման զարգացում Հովիկ Աբրահամյանի ձեռնարկության շուրջ, եթե նա լիներ իշխանության մաս, վարչապետ, ԱԺ նախագահ: Հազիվ թե: Համենայնդեպս, դժվար է հավատալ, որ տեղի ունեցողը լոկ բիզնես գործարք է: Այսինքն՝ գործարքը գուցե և իսկապես բիզնես է, և Հովիկ Աբրահամյանը տեսականում գուցե զուտ բիզնես հաշվարկներից ելնելով վաճառում է ձեռնարկության, այսպես ասած, հսկիչ փաթեթը ռուսաստանահայ գործարարին, կամ ինչպես հայտարարել էին Աբրահամյանները՝ օպտիմալացնում է իր բիզնեսները: Սակայն հարց է առաջանում՝ այդ օպտիմալացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի տնտեսական վիճակով և դրան համարժեք արձագանքելու բիզնես հաշվարկո՞վ, թե՞ պարզապես իշխանության կորստի հետ մեկտեղ տնտեսվարման մի շարք հնարավորությունների կորստով: Վերջին հաշվով, բացարձակապես գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունն է սեփականության անձեռնմխելիության գրավականը, ոչ թե օրենքը: Եվ ըստ այդմ՝ իշխանության վերաբաշխումը, ըստ էության, նշանակում է տնտեսության վերաբաշխում: Եվ սա մի երևույթ է, որը գործնականում Հայաստանի բիզնես գրավչությանն ուղղվող ամենամեծ հարվածներից մեկն է: Մյուս կողմից, սակայն, այդ առումով հազիվ թե որևէ պատահական գործարար ունենա պատրանքներ: Ի վերջո, բոլորն են ծանոթ Հայաստանի իշխանական համակարգի բնույթին, և թերևս՝ նաև «Արտֆուդի» նոր սեփականատերը: Եվ ըստ այդմ՝ հարց է, թե սեփականության անձեռնմխելիության ի՞նչ երաշխիքներ է ստացել նա, քանի որ հազիվ թե առանց դրա ռուսաստանահայ գործարարը գնար Հայաստանում խոշոր ներդրում անելու քայլին, այն էլ՝ մի դեպքում, երբ կա 2018 թվականի իշխանության խնդրի, մեղմ ասած, անորոշությունը: Երաշխիքը տվել է Սերժ Սարգսյա՞նը, Կարեն Կարապետյա՞նը, թե՞ Սամվել Կարապետյանը, որի գլխավորած Հայաստանի Ներդրողների ակումբից է Ավագումյանը: Հայաստանում կապիտալի և իշխանության քարտեզները չեն կարող չլինել իդենտիֆիկացված, ըստ այդմ՝ կապիտալի քարտեզում, այսպես ասած, նոր գույնի առկայությամբ հնարավոր է պատկերացնել, թե ինչպիսին է լինելու գույների հարաբերակցությունն իշխանության կառուցվածքում, և արդյոք այդ հարաբերակցությունը, այսպես ասած, կայո՞ւն է, թե՞ գույները ենթակա են լղոզման ռիսկի: Ի վերջո, արդյո՞ք Հայաստանի իշխանության 2018-ի խնդիրը գործնականում սկսել է, թերևս, որոշակիանալ նախ կապիտալի դաշտում:   Լուսանկարում՝ ձախից ռուսաստանաբնակ հայազգի գործարար Կամո Ավագումյանը։