88-ի շարժում-30. ինչո՞ւ բաժանվեցին Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի ճանապարհները

88-ի շարժում-30. ինչո՞ւ բաժանվեցին Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի ճանապարհները

Համազգային շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի միասնականությունը ֆենոմենալ դրսևորում ուներ, որովհետ դրանում ընդգրկված էին համալսարանական և ակադեմիական շերտերը ներկայացնող մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրը անհատականություն էր` սեփական արժեքային համակարգով ու տեսակետով: Կոմիտեի ֆենոմենը` ներքին տոլերանտության բացառիկ դրսևորումն էր և հարցերի տևական քննարկումը` մինչև ձևավորվեր կոնսենսուս: Երբ 1989-ի նոյեմբերին ձևավորվեց ՀՀՇ-ն, վարչության առաջին նախագահ ընտրվեց Վազգեն Մանուկյանը` թեև արդեն այդ ժամանակ ակնհայտ էր, որ հասարակական վստահության ավելի մեծ ռեսուրս ունի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հենց նա էլ` ՀՀՇ-ի կողմից 1990-ի օգոստոսին առաջադրվեց Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնի համար և օգոստոսի 4-ին ընտրվեց Հայաստանի ղեկավար` չորս լարված քվեարկության արդյունքում հաղթելով ՀԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանին: Օգոստոսի 13-ին վարչապետի պաշտոնում ընտրվեց Վազգեն Մանուկյանը: Չլիներ ՀՀՇ-ի միասնականությունը` հնարավոր չէր լինի լեգալ ճանապարհով իշխանությունից հեռացնել կոմունիստական վերնախավին: Իշխանություն դարձած ՀՀՇ-ում առաջին հակասությունները ջրի երես դուրս եկան 1990-ի նոյեմբերին, երբ ԳԽ որոշումներով իշխանությունն, ըստ էության, կենտրոնացավ վարչապետ Վազգեն Մանուկյանի ձեռքերում, ինչը միանշանակ չէր ընդունվում խորհրդարանական մեծամասնության կողմից` հատկապես, որ Մանուկյանը կայացրել էր մի քանի վիճահարույց կադրային որոշումներ` կառավարության պատասխանատու պաշտոններում նշանակելով կասկածելի անցյալ ու վարք ունեցող մի քանի գործիչների: 1991-ի մայիսից` Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի կողմնակիցների հակասություններն արդեն հրապարակային բնույթ ունեին, որովհետև վերջիններս դեմ էին կառավարման նախագահական մոդելին անցմանը: Համենայն դեպս, դա էր հակասությունների տեսանելի դրսևորումը` չնայած իրազեկ մարդիկ պնդում են, որ ՀՀՇ-ի ներսում Տեր-Պետրոսյան-Մանուկյան զույգի միջև պայքար էր սկսվել իշխանության համար: Վազգեն Մանուկյանը 1991-ի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններին չմասնակցեց, սակայն անկախության հռչակումից օրեր անց` սեպտեմբերի 26-ին հեռացավ վարչապետի պաշտոնից: ՀՀՇ-ի պառակտման հետևանքով ստեղծվեց շարժման, այսպես կոչված, երկրորդ մայր կուսակցությունը` ԱԺՄ-ն: Համազգային շարժումը` միասնական թիմով, իրականություն դարձրեց Հայաստանի ինքնիշխանության հռչակման ու կոմունիստական ռեժիմի տապալման պատմական առաքելությունը, սակայն, ըստ էության, չդիմացավ իշխանության փորձությանը: Տեր-Պետրոսյան-Մանուկյան կամ ՀՀՇ-ԱԺՄ դիմակայությունը, ավաղ, Հայաստանում հանգեցրեց իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների անտագոնիստական մոդելի ստեղծմանը, որի պիկը դարձան 1996-ի վիճահարույց նախագահական ընտրությունները և դրանց հաջորդած աղմկոտ իրադարձությունները, խորհրդարանի շենքի գրավումը, ձերբակալությունները: 1996-ին շարժման երկու առաջնորդները հասցրել էին քաղաքական տրանսֆորմացիայի ենթարկվել` դժբախտաբար, բացասական իմաստով: Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինքի էր գնացել բյուրոկրատական նոմենկլատուրայի հետ` չեղարկելով քաղաքական և տնտեսական բարեփոխումները, Վազգեն Մանուկյանի հարթակում հայտնվել էին նույնիսկ գործիչներ, ովքեր կողմ էին Հայաստանի միացմանը Ռուսաստան-Բելառուս միությանը: Լեգենդար կոմիտեի առաջնորդները շատ վատ ծառայություն մատուցեցին Հայաստանի քաղաքական համակարգին` 1996-ին հարուցելով իշխանության ճգնաժամ, ինչն 1998-ին հանգեցրեց, ըստ էության, պալատական հեղաշրջման: 1998-ից հետո Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը մղվեցին քաղաքական կյանքի լուսանցք, որովհետև անտագոնիզմի ռեսուրսն, ըստ էության, մսխել էր նրանց թիմերի քաղաքական, կազմակերպչական ռեսուրսները: 2008-ի վերադարձով Լևոն Տեր-Պետրոսյանը համազգային շարժման նոր հայտ ներկայացրեց: «Ղարաբաղ» կոմիտեի լուսահոգի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը նույնիսկ փորձեց հաշտեցնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին, իր տանը կազմակերպեց նրանց հանդիպումը: Տեր-Պետրոսյան-Մանուկյան նոր դաշինքը գուցե հաղթանակի բանաձև դառնար: Բայց 88-ի շարժման առաջնորդների հաշտությունը տեղի չունեցավ: Դա, թերևս, իրատեսական չէր` ինչպես այն, որ 2008-ին կարող է կրկնվել 88-ի էֆեկտը, երբ Ազատության հրապարակը լուծեց իշխանության հարց: