«Մենք Հոկտեմբերի 27-ի մեջ ենք․ շատերն են ուզում իշխանություններին սատկացնել»

ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ իրադրությունը իշխանությունների վերահսկողությունից, ձեռքերից դուրս է գալիս, քանի որ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում կարմիր գիծն արդեն անցել են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Սարուխանյանը, անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը՝ ԱՄՆ քաղաքացու կողմից Հայաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ ահաբեկչական գործողությունների պլանավորմանը, ընդգծեց, որ դեռ «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ ինքն ասել էր, որ իշխանությունները չունեն երաշխիք, որ այդ ճանապարհով գնացողներ չեն գտնվի։ «Իշխանությունների լավագույն տարբերակը ուղղակի հրաժարվելն է, անցավ, անցնցում իշխանությունը հանձնեն և գնան։ Ես բնավ չեմ ողջունում ցանկացած ուժային գործողություն, լինի դա ԱՄՆ քաղաքացու կողմից հրահրված, լինի ՌԴ-ի, լինի տեղի։ Չարդարացնելով ուժային որևէ բան, ես վստահ չեմ, որ չեն հայտվի այլ խմբեր։ «Սասնա ծռեր»-ը ասում էին, որ ոչ մի ընտրություն, որովհետև կեղծելու են և, ըստ էության, ընտրություններից առաջ արեցին»,- շեշտեց նա։ Գագիկ Սարուխանյանի դիտարկմամբ՝ այս գործողությունները 2018-ին ընդառաջ չեն նախապատրաստվում, պարզապես մարդիկ տեսնում են, որ Հայաստանը թալանվում է, գլորվել է և փոսից դուրս գալու ելք չկա, նման գործողությունների են դիմում։ «Մի քիչ ներքև նստած են մարդիկ, առանց տեսախցիկի մոտենանք հարցնենք՝ ի՞նչ է պետք անել իշխանության ներսում գտնվող անձանց, բոլորը միանշանակ կասեն՝ սատկացնել, հասկանում ենք, որ հայ ժողովրդի մեջ այդ պորթկումը կա, բայց կլինեն մարդիկ, որ այդ սատկացնելը ուղղակի կհասկանան ու կգնան սատկացնելու, սրանց ճիշտ ճանապարհը, թողնել ու գնալն է։ Մեր ժողովրդի մեջ բոլորը իդեալական քրիստոնյա չեն, որ ասեն՝ ոչինչ մի թշին խփել են, մյուսը դեմ տանք, կլինեն մարդիկ, որ կասեն՝ ես հեթանոս եմ, գնալու եմ սպանելու»։ Գագիկ Սարուխանյանը շեշտեց՝ քանի քաղաքական իրական պայքար, մրցակցություն չկա, ահաբեկչության վտանգ կլինի։ «Ինձ թվում է՝ Հոկտեմբերի 27-ը չի վերջացել, մենք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի մեջ ենք, հաջորդ քաղաքական կալենդարային օրերը մեր մոտ չի եկել, միշտ սպանության մեջ ենք»,- շեշտեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։