Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկովյան խաչմերուկում ծեծել են ու գողացել ողջ գումարը

Երևանում 38 հազար դոլար շահողին Պուշկին-Մոսկովյան խաչմերուկում ծեծել են ու գողացել ողջ գումարը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կոնստանտին Հունանյանի, Վաչիկ Գեղամյանի, Անդրանիկ Հովսեփյանի և Աշոտ Կարինյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Երևանի Պուշկին-Սարյան փողոցների հատույթի մոտակայքում օրը ցերեկով ավազակային հարձակման էր ենթարկվել Արեգ Ջ.-ն, ով բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ֆուտբոլի՝ Հարավային Ամերիկայի գավաթի համար ընթացող առաջնության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի խաղի վրա ու շահել էր...38 հազար դոլար: Ավազակային հարձակմամբ, ըստ քրեական գործի նյութերի, փողոցում հափշտակվել էր այդ ամբողջ առանձնապես խոշոր չափերի շահումը: Հարձակվողները դիմակներով են եղել: Տուժողը նրանց դեմքերը չի տեսել: Այդ ավազակային հարձակումը կազմակերպելու, ղեկավարելու և կատարելու համար նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել 25-ամյա Կոնստանտին Հունանյանին, Վաչիկ Գեղամյանին, Անդրանիկ Հովսեփյանին և 23-ամյա Աշոտ Կարինյանին: Չորս ամբաստանյալներն էլ առաջադրված մեղադրանքները չեն ընդունել և իրենց մեղավոր չեն ճանաչել: Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո» մականունով, ոմն Արմենից տեղեկացել է, որ մի քաղաքացի խաղադրույքով 38 հազար դոլար է շահել և շահումը պետք է ստանա: Խաղադրույքը Արեգ Ջ.-ն կատարել է Մոսկովյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում 2015 թվականի հուլիսի 3-ին: Արգենտինա-Չիլի եզրափակիչ խաղի վրա նա կատարել է 11 հազար դոլար խաղադրույք և արդյունքում շահել է... 38 հազար դոլար: Հուլիսի 8-ին Արեգը զանգահարել ու պարզել է, որ շահումն ամբողջությամբ կարող է ստանալ հաջորդ օրը: Հուլիսի 9-ի առավոտյան նա մենակ՝ տաքսիով գնացել է բուքմեյքերական կենտրոնական գրասենյակ՝ շահումը ստանալու: Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը, նախապես տեղեկություն ստացած լինելով այս մասին, հուլիսի 9-ին, ժամը 10-ն անց 30-ի սահմաններում հանդիպել է Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին և կազմակերպել է նրանց կողմից ավազակային հարձակման կատարումը: Նա հանցագործության կատարողներին է հանձնել դիմակներ, փայտե մահակ, մեքենայի գողացված համարանիշ, որն ամրացրել են Տ.-ից վերցրած «Մերսեդեսին»: Մեքենայի ղեկին եղել է գործով չպարզված անհայտ անձ: Ժամը 11-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Գեղամյանը, Հովսեփյանը, Կարինյանն ու անհայտ անձը «Մերսեդեսով» դարանակալել են բուքմեյքերական կենտրոնական գրասենյակի մոտ: Նրանք տեսել են, որ տաքսիով գրասենյակ եկավ Արեգ Ջ.-ն, իրոք՝ ստացավ իր շահումը և դուրս եկավ: Հետևել են Արեգին: Վերջինս տաքսիով հասել է Պուշկինի փողոցում գտնվող տարադրամի փոխանակման կետ, բաց է թողել տաքսին, մտել է փոխանակման կետ, դուրս է եկել ու ոտքով, միայնակ շարժվել է դեպի Պուշկին-Սարյան փողոցների հատույթ: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովսեփյանը, Կարինյանն ու Գեղամյանը հարձակվել են Արեգ Ջ.-ի վրա, ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրան ու բացականչել են. «Էրեխա ե՞ս բռնաբարում, արա՛»: Տուժողը սկզբում մտածել է, թե հարձակվողները շփոթել են, քանի որ ինքը ոչ մեկին չի բռնաբարել, բայց երբ հարձակվողները հափշտակել են նրա պայուսակը, հասկացել է, որ հարձակվողների նպատակը իր շահած գումարի հափշտակությունն էր: Ստացած հարվածներից, ըստ մեղադրանքի, Արեգ Ջ.-ի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Ծեծի ենթարկվող Արեգն ընկել է գետնին, ծեծողները նրա ձեռքից հափշտակել են փողով լի պայուսակը ու դիմել են փախուստի: Նրանք նստել են իրենց «Մերսեդեսը», դեպքի վայրից հեռացել են, բայց... վթարի են ենթարկվել Մոսկովյան փողոցում: Ըստ մեղադրանքի՝ նրանք վթարված մեքենան թողել են բակերից մեկում ու փախուստի են դիմել: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ ավազակային հարձակման կազմակերպիչ ու ղեկավար Կոնստանտին Հունանյանը, հասկանալով, որ հանցագործությունը կարող է բացահայտվել վթարված մեքենայի պատճառով, վերցրել է հափշտակված գումարը, տուժողի «Այֆոն» հեռախոսը, դյուրակիր համակարգիչն ու պայուսակը և թաքցրել է քննությամբ չպարզված վայրում: Այնուհետև նա ինքնաթիռի տոմսեր է գնել Գեղամյանի, Կարինյանի համար: Հովսեփյանը հանրապետությունից դուրս գալու վավերացում չի ունեցել, դրա պատճառով նրա համար տոմս չի գնվել: Հունանյանը Գեղամյանին ու Կարինյանին տարել է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն հանրապետությունից հեռանալ նրանք չեն հասցրել, բռնվել են ոստիկանության աշխատողների կողմից ու բերման են ենթարկվել ոստիկանություն: Կոնստանտին Հունանյանը մեղադրվում էր վերոհիշյալ ավազակային հարձակումը կազմակերպելու և ղեկավարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վաչիկ Գեղամյանը, Աշոտ Կարինյանն ու Անդրանիկ Հովսեփյանը՝ ավազակային հարձակումը կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրող դատախազը միջնորդել էր Կոնստանտին Հունանյանին դատապարտել 11 տարի, իսկ Վաչիկ Գեղամյանին, Աշոտ Կարինյանին ու Անդրանիկ Հովսեփյանին՝ 10 տարի ազատազրկման: Ամբաստանյալների շահերի պաշտպանները իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը անվանել են անհիմն, նշել են, որ գործով հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, գործը թույլ, «մազից կախված» գործ է: Առաջին ատյանի դատարանը, գործը քննելով, եզրակացրել է. «Գործով ձեռք բերված ապացույցներից ոչ մեկով չի հաստատվում Կոնստանտին Հունանյանին առաջադրված մեղադրանքի այն մասը, որ Հունանյանը տուժողի գույքի հափշտակությունը կազմակերպել է՝ նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով: Դատարանին որևէ ապացույց կամ փաստարկ չի ներկայացվել, որ Կոնստանտին Հունանյանը Գեղամյանին ու Հովսեփյանին ուղղակիորեն կամ քողարկված ձևով հանձնարարել կամ ակնարկել է տուժողի գույքի հափշտակությունն իրականացնել ավազակության եղանակով»: Դատարանը վերաորակել է Կոնստանտին Հունանյանի մեղադրանքը, նրան մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով կողոպուտ կազմակերպելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ինչ վերաբերում է Վաչիկ Գեղամյանին ու Անդրանիկ Հովսեփյանին մեղսագրված արարքներին, ապա դատարանը եզրահանգել է, որ նրանց կատարածը իրոք եղել է ավազակային հարձակում, նրանց մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ տուժողին պատճառված գույքային վնասը վերականգնել են, տուժողը հրաժարվել է ներկայացրած քաղաքացիական հայցից: Դատարանը եզրահանգել է, որ Աշոտ Կարինյանին առաջադրված մեղադրանքը գործի քննության արդյունքում չի հիմնավորվել ձեռք բերված ապացույցներով: Դատարանը ճանաչել և հռչակել է Աշոտ Կարինյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, այդ մեղադրանքով արդարացրել է Կարինյանին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Կոնստանտին Հունանյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Վաչիկ Գեղամյանը՝ 9 տարի, Անդրանիկ Հովսեփյանը՝ 8 տարի ազատազրկման: Գործով վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը և երեք ամբաստանյալների՝ Կոնստանտին Հունանյանի, Վաչիկ Գեղամյանի, Անդրանիկ Հովսեփյանի շահերի պաշտպանները: Մեղադրողն իր բողոքում պահանջել է Աշոտ Կարինյանի ու Կոնստանտին Հունանյանի մասով բեկանել դատավճիռը, արդարացված Աշոտ Կարինյանին մեղավոր ճանաչել ավազակային հարձակման, իսկ կողոպուտ կազմակերպելու համար դատապարտված Կոնստանտին Հունանյանին մեղավոր ճանաչել ավազակային հարձակում կազմակերպելու համար: Ամբաստանյալների շահերի պաշտպանները պահանջել են իրենց պաշտպանյալների նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը բեկանել, նրանց արդարացնել կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ նոր քննություն կատարելու: