«Մենք հավատարիմ ենք հայ-թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին». Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Է. Նալբանդյանի հայտարարությանը

«Մենք հավատարիմ ենք հայ-թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին». Թուրքիայի ԱԳՆ արձագանքը Է. Նալբանդյանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ նշելով, որ Թուրքիան հավատարիմ է 2009-ին կնքված փաստաթղթերին: Այդ մասին հայտնում է Hurriyet Daily News-ը: «Անկախ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշումից, Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Արձանագրություններ, որոնք դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ Հարավային Կովկասում լինի նպաստավոր քաղաքական մթնոլորտ և խաղաղություն»,- ասվում է դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, այս հաղորդագրությունը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ առ այն, որ Թուրքիան է պատասխանատվություն կրում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման համար: Հիշեցնենք, որ երեկ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առաջ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրել էր Հայաստանի մոտեցումը արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ։