Եթե պետությունը չմիջամտեր՝ այս շաբաթ կկայանար Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը. «Ակօս»

Եթե պետությունը չմիջամտեր՝ այս շաբաթ կկայանար Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը. «Ակօս»

Եթե չլիներ Թուրքիայի իշխանությունների միջամտությունը՝ Թուրքիայի հայությունն այս շաբաթ կընտրեր իր նոր պատրիարքին, սակայն դա այդպես էլ չիրականացավ, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: «Այս շաբաթ նոր պատրիարքն արդեն կարող էր ընդունել շնորհավորանքները: Ցավոք, դա այդպես էլ տեղի չունեցավ: Հրապարակված որևէ պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ընտրությունների անցկացման համար պատրիարքարանի կողմից Ստամբուլի նահանգապետարան ու երկրի ներքին գործերի նախարարություն ուղարկված նամակն այդպես էլ պատասխան չի ստացել», - գրում է պարբերականը: «Ակօսի» խմբագրակազմի անունից պարբերականում հրապարակված անդրադարձում կրկին հարց է ուղղվել երկրի իշխանություններին՝ ինչու Թուրքիայի հայ համայնքին թույլ չի տրվում ընտրել իր պատրիարքին այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց, թե Արևմտյան Թրակիայի մահմեդականները չեն կարողանում հոգևոր առաջնորդ ընտրել, և դա Հունաստանի կողմից Լոզանի պայմանագրի կոպիտ խախտում է: Օրեր առաջ Թուրքիայի ՆԳՆ-ին նույն հարցն ուղղել էր Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Մեջլիսյան իր հերթական ելույթի ժամանակ նա խնդրել էր երկրի ՆԳ նախարարին պատասխանել հարցին, թե որն է ընտրական գործընթացի ձգձգման իրական պատճառը, ինչ հիմքով է պետությունն իրականացնում այդ միջամտությունն ու երբ է պետությունը վերջ դնելու Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը խոչընդոտելուն: Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը: 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։ Ընտրությունների անցկացման համար նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա: