Թուրքիան միանշանակ սխալվել է Սիրիայի հարցում իր հաշվարկներում. Hürriyet

Թուրքիան միանշանակ սխալվել է Սիրիայի հարցում իր հաշվարկներում. Hürriyet

Թուրքական Hürriyet պարբերականի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր հոդվածում մեջբերել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, որ Թուրքիայի թիրախը Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմը չէ՝ չնայած Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև հարաբերությունները խզված են: Չավուշօղլուն ասել է, որ ներկայիս սպառնալիքն իրենց համար «ահաբեկչական կառույցներից» է՝ Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ջոկատներից, և Թուրքիան Սիրիայի տարածքում պայքարելու է դրանց, այլ ոչ թե ռեժիմի դեմ: «Չավուշօղլուի այս խոսքերը պատմական նշանակություն ունեն: Որովհետև երբ 2011 թ. Սիրիայում պատերազմի սկսվելու հետ Թուրքիան շտապեց միջամտել դրան և Ասադի ռեժիմը տապալելուն ուղղված քաղաքականություն որդեգրեց, այժմ՝ 5 տարի անց, հասել է մի կետի, երբ այլևս ընդունում է այդ նույն ռեժիմը»,- գրում է Էրգինը: Ըստ նրա՝ սա նաև ապացույցն է այն բանի, որ Թուրքիան միանշանակ սխալվել է Սիրիայի հարցում իր հաշվարկներում, Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր երկրի արտաքին քաղաքականության ամենախորքային սխալներից է: