Արգենտինացի մասնագետները կկորդինացնեն Հայաստանի պատանեկան հավաքականների աշխատանքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Հայաստան էր ժամանել արգենտինացի մարզիչների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը եւ արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը: Վարդան Մինասյան. «Ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ Արգենտինայից հրավիրել ենք մարզչական խումբ: Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքակաների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են եւ մեր մինչև 19 եւ 17 տարեկանների հավաքականների հետ: Ինպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին եւ արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաեւ 17 տարեկաննների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»: Ֆերնանդո Արիել Բատիստա. «Մարզչական աշխատանքով զբաղվում եմ արդեն 17 տարի: Մինչ այդ պրոֆեսիանալ ֆուտբոլիստի կարիերա եմ ունեցել. հանդես եմ եկել արգենտինական «Բոկա Խունիորս» եւ «Ուրական» թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել եմ հիմնականում մանկապատանեկան թիմերում, այդ թվում Արգենտինայի երիտասարդական հավաքականում: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատել եմ Ճապոնիայում, զբաղվել եմ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմամբ: Շատ եմ սիրում երեխաների, պատանիների հետ աշխատանքը եւ իմ նախկին սաներից մի քանիսն արդեն հանդես են գալիս անգլիական թիմերում՝ «Տոտենհեմում», «Չելսիում», իսպանական «Ատլետիկոյում»: Հայաստանից ստացել ենք շատ գայթակղիչ ու հեռանկարային մի ծրագրի առաջարկ: Հիմա մենք այն ուսումնասիրում ենք, քննարկում տեղում: Այս ծրագիրը շատ մեծ զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլին: Աշխատելու ենք գրեթե բոլոր տարիքային հավաքականների հետ, մեր փորձը, արգենտինական ֆուտբոլի յուրահատկություններն ենք փորձելու ներարկել հայկական ֆուտբոլին: Հայաստանում կան անհրաժեշտ պայմաններ  ֆուտբոլի զարգացման համար: Մեր առաջնային նպատակներից  է, որ ունենանք հաջողություններ նախ պատանեկան հավաքականների մակարդակով. տարբեր տարիքային հավաքականներ իրավունք նվաճեն մասնակցելու Եվրոպայի, աշխարհի եզրափակիչ մրցաշարերին:  Բնականաբար հետագայում այդ սերունդն արդեն կարող է հաջողությունների հասնել ազգային հավաքականի մակարդակով: Տեղյակ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ինչպես նաեւ հայ երկրպագուների երազանքն է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի, Աշխարհի եզրափակիչ առաջնություններին եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ օգնենք այդ երազանքն իրականություն դարձնելու: Հավանաբար 2018 թվականի սկզբին կվերադառնանք Հայաստան մեր մշակած ծրագրով: Այստեղ այն կլրամշակենք, կհարմարեցնենք տեղի պայմաններին եւ կսկսենք իրագործել՝ հույս ունենալով հասնելու մեծագույն բարձունքների»: Վարդան Մինասյան. «Բավական քննարկումներ ենք ունեցել: Իրենց եմ ներկայացրել մեր ֆուտբոլի զարգացման փիլիսոփայությունը, որը մշակել ենք արդեն եւ այն գործում է վերջին 5 ամիսների ընթացում: Գտնում եմ, որ մենք ունենք ազգային առանձնահատկություններ, մենթալիտետ, ուժեղ եւ թույլ կողմեր եւ եթե ինչ-որ բան ենք անում, ապա պետք է հենվենք հենց այդ հատկությունների վրա, չշեղվենք: Նախկինում Հայաստանում աշխատել են հոլանդացի, իսպանացի մասնագետներ, որոնք մեծ օգուտ են տվել մեր ֆուտբոլին: Հիմա ուղղակի ցանկանում ենք այլեւս չշեղվել մեր ընտրած ուղուց: Կարծում եմ լավ ստացվեց, որովհետեւ այն ինչ մենք ցույց ենք տվել արգենտինացի մասնագետներին գրեթե 90- 95 տոկոսով համընկեց իրենց մտածելակերպին: Նախնական պայմանավորվածության համաձայն արգենտինացի մասնագետները իրենց պարտականությունների կատարմանն են անցնելու 2018 թվականի փետրվարի 1-ից: