Ֆանտասիկ մրցաշրջանի ավարտը. Ինչու Արոնյանը չփայլեց նաև Լոնդոնում

Ֆանտասիկ մրցաշրջանի ավարտը. Ինչու Արոնյանը չփայլեց նաև Լոնդոնում

Լոնդոնում ավարտված շախմատի London Chess Classic խոշոր մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: Մի պահ թվում էր, թե Արոնյանին կհաջողվի հաղթել աշխարհի չեմպիոնին, սակայն վերջնախաղում նորվեգացի գրոսմայստերը հմտորեն օգտվեց մեր գրոսմայստերի սխալից: 9 հնարավորից վաստակելով 4 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց միայն 7-րդ հորիզոնականը: Այս արդյունքը, ինչ խոսք, գոհացնող չես անվանի: Մինչև Կարլսենի հետ հանդիպումը Արոնյանն 8 անընդմեջ ոչ-ոքի էր խաղացել, և թվում էր, թե մեր գրոսմայստերը լոնդոնյան մրցաշարում կավարտի ելույթն առանց պարտության: Մոտ երեք շաբաթ առաջ Արոնյանը մասնակցել էր ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլին և միայն լրացուցիչ ցուցանիշներով էր առաջին հորիզոնականը զիջել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին: Այս մրցաշարում Արոնյանը 9 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր: Ավելի վաղ Արոնյանը փայլուն ելույթով աչքի էր ընկել Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտաի վրա՝ արժանանալով ոսկե մեդալի: 2017 թվականի Արոնյանի գլխավոր նվաճումը Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճելն էր: Նշենք նաև, որ մեր գրոսմայստերն այս տարի հաղթող էր դարձել մի քանի գերմրցաշարերում: London Chess Classic մրցաշարը լուսաբանող լրատվամիջոցները, ինչպես նաև շախմատային փորձագետները Արոնյանի ոչ այնքան հաջող ելույթը կապում են հոգնածության հետ: «Ուղղակի անհնար է տարին 12 ամիս խաղալ նույն մակարդակի շախմատ: Արոնյանի մոտ դեռևս ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում նկատվում էր հոգնածություն: Հայ շախմատիստը չէր ցանկանում ռիսկի դիմել և շարունակ ոչ-ոքի էր խաղում: Աշխարհի գավաթի խաղարկությունում նա ահռելի քանակության էներգիա վատնեց: Շատ գրոսմայստերներ նման նվաճումից հետո երկար ժամանակ կհանգստանային, բայց մեծ հաղթանակից հետո հայ գրոսմայստերը գերազանց հանդես եկավ Եվրոպայի թիմային առաջնությունում: Չմոռանանք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Արոնյանը ամուսնացավ և որոշ ժամանակ կտրվեց շախմատիստ: Փաստ է, որ Արոնյանը ուղղակի ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց: Մարտին տեղի կունենա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, և կարող եմ ասել, որ Լևոնը այդ մրցաշարի հաղթողի կոչման իրական հավակնորդ է: Նշեմ, սակայն, որ հավակնորդների նախորդ մրցաշարերում Արոնյանին «քաշել է» նյարդային համակարգի թուլությունը: Ինտրիգը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Արոնյանը զսպել էմոցիաները և խաղալ այնպես, ինչպես խաղում է գերմրցաշարերում: Եթե նա գոնե խաղա իր հնարավորությունների սահմանում, կարծում եմ՝ կնվաճի հաղթողի կոչումը: Նշեմ նաև, որ այս տարի Արոնյանը աչքի ընկավ նաև կայուն խաղով»- ասել է շախմատայի փորձագետ, գրասմայստեր Սերգեյ Շիպովը: Նշենք, որ հաղթելով Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ Լևոն Արոնյանը պատմական արդյունք էր գրանցել: Մասնավորապես, մեր շախմատիստը միակն է աշխարհում, ում հաջողվել է դառնալ աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի գավաթակիր: Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին չի հաջողվել նվաճել աշխարհի գավաթը: Ինչևէ, լոնդոնյան մրցաշարում ոչ այնքան հաջող ելույթի հետևանքով զգալի նվազել է Արոնյանի անհատական գործակիցը: 9 պարտիաներում ոչ մի հաղթանակ չտանելու հետևանքով հայ գրոսմայստերը կորցրել է 8.5 միավոր: Այս պահին 2796.5 գործակցով Արոնյանը միայն 4-րդն է: Երրորդ հորիզոնականում է Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիար Մամեդյարովը, որի անհատական գործակիցը 2799.0 է: Միանգամից 12.1-ով ավելացել է ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարաունայի անատական գործակիցը: 2811.1 անհատական գործակցով Կարաունան այս պահին երկրորդ է: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը, որի անհատական գործակիցը 2833.8 է: Նշենք, որ Կարլսենի գործակիցը նվազել է 3.5-ով: ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 4-րդ փուլից հետո Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում երկրորդն էր: Լոնդոնյան մրցաշարում 9-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին և Ֆաբիանո Կարուանան ունեին 6-ական միավոր և բաժանում էին 1-2-րդ հորիզոնականները: Հաղթողին որոշելու համար խաղարկվել են լրացուցիչ արագ շախմատի պարտիաներ, որտեղ Ֆաբիանո Կարուանան 2.5-1.5 հաշվով առավելության է հասել Նեպոմնյաշչու նկատմամբ և դարձել մրցաշարի հաղթող: Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը 5-ական միավորով կիսել են 3-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Կարլսենը գրավել է 3-րդ հորիզոնականը: Նշենք նաև, որ London Chess Classic-ը Grand Chess Tour շարքի վերջին մրցաշարն էր: Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և որպես պարգևատրություն կստանա 91 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղը գրավել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը կստանա 207 հազար դոլար: Հաղթող դարձած Մագնուս Կարլսենն էլ կպարգևատրի 245 հազար դոլարով: