Խոշոր վթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բժիշկները պայքարում են Opel-ի վարորդի կյանքի համար

Խոշոր վթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բժիշկները պայքարում են Opel-ի վարորդի կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 MF 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Աշտարակ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Օպերատիորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայակա գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Բաբիկյաի գլխավորությամբ: Այս պահին քննարկվում է, թե վթարի փաստով ով պետք է զբաղվի՝ ՃՈ հետաքննիչը, թե Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչը: Հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գտնվում է ծանր կայուն վիճակում: