88-ի շարժում-30. Փլատակների տակ մնացած կայսրություն, փլատակներից հառնող շարժում

88-ի շարժում-30. Փլատակների տակ մնացած կայսրություն, փլատակներից հառնող շարժում

Օրվա խորհուրդը ստիպում է մի փոքր խմբագրել մեր խորագրի թեմատիկ ցանկն ու ժամանակագրությունը: 88-ը մեր ժողովրդի պատմության մեջ հիշարժան է ոչ միայն համազգային զարթոնքով, այլ նաև դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժով: 1988-ի նոյեմբերին համազգային շարժման օրակարգում արդեն տեղ էին գտել Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող դրույթներ, իսկ Մոսկվան դիմում էր բացահայտ ռեպրեսիվ քայլերի: Պատահական չէ, որ երբ տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ի երկրաշարժը, շատերը դա համարեցին Մոսկվայի «ձեռքի գործը»: Մինչև հիմա էլ` ժողովրդական խոսակցությունների մակարդակում այս վարկածը շրջանառվում է, մանավանդ, որ երկրաշարժից մի քանի օր հետո Հայաստան ժամանած Միխայիլ Գորբաչովը Երևանում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալելու հրաման տվեց: Մյուս կողմից` խորհրդային կոմկուսի ղեկավարությունը շրջափակել էր ոչ միայն Հայաստանն, այլ նաև` աղետի գոտին, որը օրեր շարունակ մեկուսացված էր միջազգային օգնությունից, ինչի հետևանքով հնարավոր չեղավ փլատակների տակից հանել հազարավոր մարդկանց: Սակայն հենց երկրաշարժը դարձավ այն ինդիկատորը, որը կանխորոշեց 88-ի համազգային շարժման հաղթանակը, ձևավորեց Հայաստանի հասարակության ամփոփ վերաբերմունքը Խորհրդային Միության հանդեպ: Նույնիսկ երեք տասնամյակը չի կարող քողարկել մեր վեհության զգացումը, հուզմունքը, երբ հիշում ենք, որ փլատակների տակից դուրս բերված մարդիկ առաջինը հարցնում էին Արցախի մասին կամ չի մոռացվի Գորբաչովի շոկը, երբ Գյումրիի փլատակների վրա մարդիկ նրանից հաշիվ էին պահանջում «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալության համար: Երկրաշարժի փլատակների տակից նոր թափով հառնում էր ազգային զարթոնքը` չնայած շարժման լիդերների ձերբակալությանը: Շուտով Մոսկվայում հասկացան, որ «Ղարաբաղ» կոմիտեն Հայաստանի ողջ ժողովուրդն է ու նոր ցնցումներից խուսափելու համար` արդեն 1989թ-ի մայիսին կոմիտեի տղաներն ազատ արձակվեցին: Մյուս կողմից` երկրաշարժը հայաստանցիների համար բացահայտեց խորհրդային հզորության միֆը, մարդատյացությունը, կոռուպցիոն դեմքը: Խորհրդային կայսրությունն անդառնալիորեն մնացել էր երկրաշարժի փլատակների տակ...