Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը

Պատերազմի վտանգը պայմանավորող հիմնարար գործոնը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ և, թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժամանակ, հանդիպումից հետո արձանագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար, անարդյունավետ և դրանով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքական շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ հայեցակարգային, ռազմավարական վերանայումների գործընթաց: Ապրիլյան պատերազմից հետո անգամ իրավիճակը շարունակում է մնալ դիտարկումների և չափումների նույն պրիզմայում, ինչ կար մինչև Ապրիլյան պատերազմը: Դրա տխուր դրսևորումն էր, օրինակ, այն, որ Հայաստանի խորհրդարանի ընտրությունն անցավ առանց ղարաբաղյան խնդրի օրակարգայնացման: Եվ մոլորություն է այն, թե դա այդ խնդրում միասնականության դրսևորում կամ վկայություն է, երբ չկա տարաձայնություն: Իրականում դա ոչ թե միասնականության, այլ պարզապես մոտեցում, ռազմավարություն, խորքային հայեցակարգ չունենալու հետևանք է: Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտում Ապրիլյան պատերազմից հետո լավագույն դեպքում շրջանառվել է այսպես ասած ռազմա-հայրենասիրական հռչակագրերին քաղաքական փաթեթավորում տալով, և վերջ: Արդյունքում՝ թե՛ ղարաբաղյան խնդրում, թե՛ տարածաշրջանի անվտանգության համակարգի և ռազմա-քաղաքական իրավիճակի համատեքստում, թե՛ անգամ աշխարհաքաղաքական որոշակի համատեքստում հիմնարար փոփոխություններ բերած Ապրիլյան քառօրյան հայաստանյան հասարակական-քաղաքական ընկալումներում քայլ առ քայլ իջեցվել է, այսպես ասած, սովորական հրադադարի խախտման մակարդակի՝ դրան հաջորդած քաղաքական իրողությունների համեմատությամբ և համադրությամբ: Մինչդեռ դա հիմնարար խնդիր է, որովհետև, եթե Հայաստանում տեղի չի ունենում այդ քառօրյայի ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական համարժեք գնահատումն ու դրանից բխող տրանսֆորմացիան հայկական քաղաքական մտածողության, ռազմավարության մեջ, Ապրիլյան պատերազմը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ միայն հրադադարի սովորական խախտման, այլ նաև այդ քառօրյայից կմնա ընդամենը դիրքային կամ տարածքային կորուստը, իսկ ռազմա-քաղաքական ձեռքբերումը, որ արել է հայկական զինուժը այդ չորս օրերի ընթացքում, կփոշիանա: Որովհետև, եթե Հայաստանում չի ապահովվում այդ ձեռքբերման դիվանագիտական և քաղաքական համարժեքությունը, ապա ուժային կենտրոնները չեն կարող երկար ժամանակ պահել Հայաստանի և Արցախի համար բարենպաստ միջավայրը, որովհետև նրանց շահերն ու ռազմավարությունը խիստ տարբեր են, ու այն ցեմենտվում, մեկտեղվում է ընդամենը հայկական գործոնի շնորհիվ: Չկա հայկական գործոն, չկա մեկտեղում: Չկա մեկտեղում, կա աշխարհաքաղաքական կոնֆլիկտ: Կա աշխարհաքաղաքական կոնֆլիկտ, Հայաստանն ու Արցախը ճզմվելու են դրա արանքում: Ըստ այդմ, Հայաստանը պետք է գտնի Ապրիլյան պատերազմում զինված ուժերի դիմադրությամբ ստեղծված նոր իրավիճակի դիվանագիտական-քաղաքական պլատֆորմը, առանց որի ամեն ինչ փլուզվելու է, չի կարող երկար ժամանակ մնալ օդում: Իսկ դա պահանջում է քաղաքական մտածողության տրանսֆորմացիա, այլ հայացք թե՛ այսպես կոչված բանակցային գործընթացին, թե՛ հայկական պետականության անելիքին ընդհանրապես: Դա առաջին հերթին ենթադրում է մեկընդմիշտ հրաժարում բանակցային գործընթացն ու պատերազմի վտանգը, այսպես ասած, փոխկապակցելուց: Պատերազմի վտանգը որևէ կերպ կապակցված չէ բանակցային գործընթացին, դրա պարզորոշ վկայությունը այդ գործընթացի նախորդ երկու տասնամյակն էր: Պատերազմի վտանգը կապակցված է մեկ բանի՝ Հայաստանի պետական որակին, մրցունակությանը, դիմադրունակությանը: Եթե Հայաստանը դիմադրունակ է, մրցունակ, արդիական, ժողովրդավար, ինքնիշխան, եթե Հայաստանը հավասարակշռված հարաբերություն ունի աշխարհի հետ, միակողմանի կախված չէ Ռուսաստանից, եթե սերտ հարաբերություն է կառուցում Եվրաատլանտյան բևեռի հետ, նաև Չինաստանի և Իրանի ուղղությամբ, ապա դա նշանակում է պատերազմի վտանգի էական չեզոքացում՝ անկախ, թե ինչ բովանդակային ընթացք կունենա այսպես կոչված բանակցային գործընթացը: Ավելին, բանակցային գործընթացը պետք է լինի ընդամենը հայկական մրցունակության ու դիմադրունակության ապահովման միջոց: Չկա՞ այդ դիմադրունակությունն ու մրցունակությունը, ուրեմն բանակցային գործընթացը Ադրբեջանի համար է դառնում այսպես ասած պատերազմի «տեղեկանք»: Դա է խնդիրը, դա է պատերազմ, թե խաղաղություն դիլեման, դրանով է պայմանավորված պատերազմի վտանգը: Եվ հենց դրա վրա պետք է կառուցվի հայկական հասարակական-քաղաքական հայեցակարգը ղարաբաղյան խնդրում, կամ գլոբալ առումով՝ հայկական պետականության առանցքում: