Ով է 10 հազար դրամը դարձրել «կակա»

Ով է 10 հազար դրամը դարձրել «կակա»

«Դուք լավ չեք ապրելու, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելե՛ք», - դիմելով հայաստանցիներին՝ Ազգային ժողովի ամբիոնից բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ «Էս իշխանությանը, էս կուսակցությանը հարկավոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 10 հազար դրամին «կակա» ասի»,-հավելել է Փաշինյանը։ Քաղաքագիտական հարթության վրա դժվար է հակադրվել «Ելք» խմբակցության ղեկավարին, որովհետև աղքատ հասարակությունները, որպես կանոն, զուրկ են լինում արժեքային կողմնորոշումներից ու հեշտ կառավարելի են: Մյուս կողմից` այս պնդումը բնորոշ է կայացած ավտորիտար համակարգերին, որտեղ ընդդիմությունը սոսկ դեկորացիայի դեր է կատարում` աղերս չունենալով հանրային տրամադրությունների, դրանց ձևավորման, արտահայտման հետ: Հայաստանի հասարակությունն` անկախ տեսանելի դեգրադացիայից, քաղաքացիական պոտենցիալի կրող է և ակտիվ կեցվածք է ունեցել համապետական գրեթե բոլոր ընտրություններից հետո ու պետք չէ ընդդիմության անտաղանդությունը վերագրել հասարակությանը: Փաշինյանի մուննաթի երեկվա թիրախը հասարակությունն էր, որը փաստորեն, ըստ նրա, նպաստում է իշխանության վերարտադրությանը: Խորհրդարանական վերջին ընտրություններն արտաքուստ նման տպավորություն թողնում են, որովհետև «տաս հազար» դրամի շուրջ առկա էր իշխանության և հասարակության կոնսենսուս: Մյուս կողմից` հասարակությունը նման կոնսենսուսի չէր գնա կամ ապրիլի 2-ի կոնսենսուսը հաշված օրերի ընթացքում կչեղարկվի, եթե հասարակությունը տեսնի իրական այլընտրանք, որը պատրաստ է ստանձնել իշխանության պատասխանատվությունը: Արդյո՞ք ադեկվատ է այսօր մեղադրել հասարակությանը, եթե վերջին ընտրություններում ընդդիմադիր որևէ ուժ, այդ թվում` «Ելքը», իշխանության հայտ չի ներկայացրել` հաղթանակը դարձնելով պայմանական կատեգորիա, որովհետև հասարակության համար դա իրավիճակի արմատական փոփոխությունն է, այսօրվա ընդդիմության համար` խորհրդարան մտնել-չմտնելը: Հասարակությո՞ւնն է մեղավոր, որ վերցնում է տաս հազար դրամը, թե՞ ընդդիմությունը, որի առաջարկած ծրագիրը նույնիսկ տաս հազար դրամ չի գնահատվում: Արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը պետք է առաջարկեր ընտրակաշառքի լեգիտիմացում, թե՞ հանդես գար այնպիսի ծրագրով, որ ընտրողի քվեն անհասանելի դառնար քրեաօլիգարխիայի գրպանների համար: Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը եկավ փաստելու, որ Հայաստանը դեռ շատ հեռու է իրական այլընտրանք լինելուց: Իրական այլընտրանքը սպասում է հասարակության գնահատականին` վերջինիս գնահատելու փոխարեն: