Թրամփի հայտարարությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը. Հայաստանը պետք է փորձի «լեզու գտնել» Իսրայելի հետ

Թրամփի որոշումը կարող է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև ամբողջ աշխարհում՝ լուրջ մարտահրավեր դառնալով միջազգային անվտանգությանը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց արևելագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը: Փաշայանի խոսքերով՝ Թրամփի որոշումը ինչ-որ առումով կանխատեսելի էր: «Իսրայելապաղեստինյան կարգավորման հարթակում կարևոր հարցը Երուսաղեմն էր, և մինչ օրս ԱՄՆ իշխանությունները պաշտպանում էին խաղաղության այն նախաձեռնությունը, որով Մերձավոր Արևելյան Երուսաղեմը ընդգրկված էր Պաղեստինի Արաբական պետության մեջ և մի քանի ցավոտ հարցեր կային այս հակամարտության մեջ»,- նշեց արևելագետը: Ըստ բանախոսի՝ ԱՄՆ նախկին իշխանությունները դեմ չեն գնացել հակամարտության կարգավորման այն սցենարին, որը նախատեսում էր Արևելյան Երուսաղեմը դարձնել պաղեստինցիների երկիրը, սակայն Թրամփը դեմ գնաց այն քաղաքական ջանքերին, որը պաշտպանել էին ԱՄՆ նախկին նախագահները. «Թրամփի այս քայլը էականորեն տարբերվում է ԱՄՆ նախկին իշխանությունների գծից: Այս որոշումը միակողմանի է՝ հօգուտ Իսրայելի, և դա հստակ է: Իսրայելապաղեստինյան հակամարտության ձնագնդին խորանալու է»: Ամփոփելով, թե ինչու է Թրամփի հայատարությունը Հայաստանի համար կարևոր, Փաշայանը նկատեց. «Հայաստանը ունի Իսրայելի կարիքը, և Իսրայելի փորձառությունը մեզ համար կարևոր է: Շատ ընդհանրություններ կան Հայաստանի ու Իսրայելի միջև, հատկապես Սփյուռք ունենալու հետ կապված: Հայաստանը ունի իր շահերը և պետք է առաջանորդվի իր շահերով, և Հայաստան-Իսրայել հարաբերությունները որևէ երրորդ պետության դեմ չեն կարող լինել: Պետք է լեզու գտնել Լսրայելի հետ և փորձել համաձայնության գալ Երուսաղեմում հայկական թաղամասի և կալվածքների հետ կապված»,-ամփոփելով զրույցը նշեց Արաքս Փաշայանը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում