Ղազախները Յուրա Մովսիսյանին, Արաս Օզբիլիսին և Տիգրան Բարսեղյանին հրավիրում են, որ ի՞նչ անեն…

Ղազախները Յուրա Մովսիսյանին, Արաս Օզբիլիսին և Տիգրան Բարսեղյանին հրավիրում են, որ ի՞նչ անեն…

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ղազախական թիմերը հետաքրքրված են միանգամից մի քանի հայ ֆուտբոլիստների ծառայություններով: Մասնավորապես, նշվում էր, որ Մակեդոնիայի «Վարդարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է Ղազախստանի չեմպիոն «Աստանան», որը ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Sports.kz կայքը չէր բացառել, որ Ղազախստանի առաջնություն տեղափոխվեն նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ժամանակին Ղազախստանի առաջնությունում են հանդես եկել Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարայնը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին և էլի մի քանի ֆուտբոլիստներ: Ժամանակին ղազախական ակումբները բավական բարձր աշխատավարձի միջոցով գրավում էին շատ ֆուտբոլիստների: Մի քանի տարի խաղալով ղազախական ակումբում՝ հնարավոր էր զգալիորեն բարելավել ֆինանսական վիճակը: Այդուհանդերձ, վերջին տարիներին ֆուտբոլիստների հոսքը դեպի Ղազախստանի առաջնություն զգալի նվազել է: Ղազախներն այլևս չեն ցանկանում մեծ գումարներ վճարել ֆուտբոլիստներին: Քիչ չեն դեպքերը, երբ ղազախական թիմերը ուղղակի չեն վճարում ֆուտբոլիստներին: Հիշենք Մարկոս Պիզելիի հեռանալը «Ակտոբե» թիմից, որը սկանդալային շարունակություն ունեցավ: Պիզելին «Ակտոբեում» հանդես էր եկել 2014-2015 թվականներին: Ղազախական այս ակումբը բավական տգեղ վարվելով իր խաղացողի նկատմամբ՝ մինչև 2017 թվականը չէր ցանկանում կատարել պայմանագրային պարտավորությունը: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերին ղազախական ակումբը խզել էր պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի հետ, ինչի համար Պիզելին ֆինանսական փոխհատուցում էր պահանջում: Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Պիզելին «Ակտոբեում» ամսական 60 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստացել, ինչպես նաև 15 հազար դոլար պարգևավճար: Պայմանագիրը խզելու, ինչպես նաև աշխատավարձը չվճարելու համար Պիզելին հայցով դիմել էր Ղազախստանի դատարան՝ «Ակտոբեից» պահանջելով 189 հազար դոլարի չափով փոխհատուցում: Ղազախական կողմը, ընդունելով, որ պայմանագիրը խզելու համար պետք է փոխհատուցեր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին, այնուամենայնիվ, հրաժարվում էր դա անելուց՝ նշելով, որ գումարի չափ Պիզելին չէ որ պետք է որոշի: Այս տարվա դրությամբ վճարված չէր նաև Պիզելիի աշխատավարձի մի մասը: Այս հանգամանքը որևէ կերպ չմեկնաբանեցին թե «Ակտոբեի» ներկայացուցիչները և թե՛ դատարանը: Վերջինս Պիզելիի հայցն անօրինական և անհիմն համարելով՝ փաստացի արդարացրել էր ակումբի կողմից ֆուտբոլիստին հասանելիք գումարի յուրացումը: Ստացվում է, որ «Ակտոբեն», կոպիտ ասած, «քցել է» Պիզելիին: Նշենք, որ Պիզելին դատարան էր դիմել դեռևս 2016 թվականի ամռանը, սակայն լսումները հետաձգվել էին: Դատարանը հայտարարել էր, որ Պիզելին նախ հայցով պետք է դիմի Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որից մերժում ստանալու դեպքում միայն գործին ընթացք կտրվի: Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան, բնականաբար, անօրինական էր համարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի բողոքը: Այսքանից հետո ղազախական թիմերը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայ ֆուտբոլիստների նկատմամբ: Մարկոսի օրինակն աչքի առաջ ունենալով՝ այսօր դժվար թե որևէ հայ ֆուտբոլիստ ցանկանա ելույթ ունենալ Ղազախստանում: Երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստները, որպես կանոն, հրաժարվում են խաղալ ղազախական ակումբներում: Ղազախստանի առաջնությունում է խաղում, օրինակ, Անդրեյ Արշավինը, որը վաղուց արդեն կորցրել էր որակները և այս երկրում ելույթ էր ունենում փող աշխատելու նպատակով: Եթե Յուրա Մովսիսյանը վետերան է, և նրա խաղալը Ղազախստանում ինչ-որ տեղ արդարացված կարող է լինել, ապա Օզբիլիսի և Բարսեղյանի՝ այս երկրի առաջնությունում հայտնվելը, կարծում ենք, բացասական ազդեցություն կունենա: Տիգրան Բարսեղյանը մեր հավաքականի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկն է, որը տարեցտարի բարելավում է խաղի որակները: Ղազախստանի առաջնությունում նրա համար բավական դժվար կլինի նույն տեմպերով աճել: Արաս Օզբիլիսը այսօր խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ունի և հանդես է գալիս «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում: Ղազախստանը, սակայն, լավագույն տարբերակը չէ խնդիրը կարգավորելու համար: Օզբիլիսը ավելի շուտ կվերագտնի իր խաղը թուրքական կարգով ավելի ցածր թիմերում, քան, ասենք, ղազախական «Տոբոլում», «Կայրաթում» կամ նույն «Ակտոբեում»: